![]()
Փետրվարի 14-ին Գյումրիում շան վրա կրակած անձը ներկայացել է ոստիկանություն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն:
«Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները ստացված տեղեկությունների իրացման արդյունքում բացատրական աշխատանքներ են անցկացրել, որոնց շնորհիվ փետրվարի 21-ին բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ 45-ամյա մի տղամարդ և հայտնել, որ փետրվարի 14-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Տերյան փողոցում տեղադրված աղբամանների մոտ իրեն անծանոթ կնոջը թափառող շներից պաշտպանելու նպատակով որսորդական հրացանով կրակել և վիրավորել է շներից մեկին:
Հրացանը վերցվել է»,- մասնավորապես նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մասնատված սատկած, կիսասատկած և կրակված շների մարմինների աղմկահարույց լուսանկարները մամուլում և սոցիալական ցանցերում հայտնվեցին փետրվարի 14-ին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ դեպքը տեղի էր ունեցել Գյումրիում: Շներին նման վիճակում հայտնաբերած քաղաքացիները դիմել էին ոստիկանություն, ներկայացրել համապատասխան հաղորդում:
![]()