Տիգրան Հակոբյանը՝ «Վումնս քլաբում» գործածվող ոչ եթերային բառերի մասին

Վերջին շրջանում հաճախ է քննադատությունների արժանանում «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վումնս քլաբ» հաղորդաշարը:

Բանն այն է, որ հանրությունն այնքան էլ միանշանակ չի ընկալում հումորային հաղորդաշարի ընթացքում օգտագործվող ոչ եթերային բառամթերքը, ծաղրական համեմատականները: Մարդիկ նշում են, որ հաղորդաշարի կենտրոնը հաճախ շատ ցածր մակարդակի է իջեցվում, ու ծիծաղ առաջացնելու համար փորձում են ամեն երկրորդ նախադասության մեջ սեռական հարաբերությունների մասին հիշատակել, հումորներում էլ ակնարկել կանացի բարեմասնությունների մասին:

«Հայկական ժամանակ»-ը հարցի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից: Հետաքրքրվել ենք, թե ճի՞շտ են այն դիտարկումները, որ մնացած հաղորդաշարերի դեպքում ամեն ինչ շատ ավելի խիստ է վերահսկվում, քան հումորային հաղորդաշարերի, վերջինի դեպքում ի՞նչ սահմանափակումներ կան:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, սակայն, հայտնեց, որ ՀՌՀ-ն ծանոթ չէ «Վումնս քլաբի» «ոչ եթերային բառերի» ցանկին: «Եթե այդպիսին ինչ-որ հաստատության կողմից մշակված է, կխնդրեմ բողոքների հետ միասին ուղարկել Հանձնաժողով՝ ծանոթանալու համար: Իրականում «ոչ եթերային բառեր» հասկացություն չկա, բոլոր հաղորդումների (անկախ ժանրային ուղղվածությունից) բովանդակությունը մշտադիտարկվում է՝ պարզելու համար, թե ինչքանո՞վ են դրանք պահպանում օրենսդրական նորմերը, ՀՌՀ կարգերը, մեթոդաբանությունը եւ այլն: Մշտադիտարկման ժամանակ պարզում ենք՝ կա՞ն արդյոք մասնագիտական էթիկայի խախտումներ, բռնության կոչեր, խտրականության դրսեւորումներ եւ այլն»,- պարզաբանեց ՀՌՀ նախագահը:

Տիգրան Հակոբյանը նաեւ նկատեց՝ հանձնաժողովը «ճաշակի պահպանման ոստիկանության» գործառույթներ չունի:

«Հումորային հաղորդումները կարող են լինել սրամիտ կամ «տափակ», համապատասխանել հեռուստալսարանի մի մասի ճաշակին եւ դժգոհություն առաջացնել մյուս մասի մոտ: Սակայն եթե խախտումներ չենք արձանագրում, ապա չենք պատրաստվում միջամտել ընկերությունների խմբագրական քաղաքականությանը»,- եզրափակեց նա:

Նկատենք, որ ընդամենը մի քանի ամսի առաջ էլ ՀՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունն էր հաղորդագրություն տարածել՝ հաղորդաշարի «Վերջին դաս» վերտառությամբ սկետչը որակելով գռեհկաբանություն եւ արատավոր բարքեր սերմանող: Ըստ նախարարության հաղորդագրության՝ այդ սկետչի բովանդակությունը, մեղմ ասած, վրդովմունք էր հարուցել մանկավարժների շրջանում, եւ ՀՀ ԿԳՄՍՆ-ն բազմաթիվ բողոքներ էր ստացել ուսուցիչներից ու կրթության ոլորտի մասնագետներից:

«ԿԳՄՍ նախարարությունը, գտնելով, որ այդ սկետչը դուրս է հումորային ձևաչափից, դատապարտում ու անթույլատրելի է համարում ուսուցչին որպես շահախնդիր ու կոռումպացված կերպար ներկայացնելու, հանրության շրջանում նրա ընդհանրական վարկն արատավորելու երևույթները: Հաղորդաշարի հեղինակները հաշվի չեն առել այն փաստը, որ հարյուր հազարավոր երեխաներ այդ հաղորդումը դիտելուց հետո իրենց ուսուցիչներին ենթագիտակցորեն նույնականացնելու են սկետչի «հերոսուհու» լկտի ու ամբարտավան կերպարի, իսկ իրենց՝ «հերոս աշակերտների» կերպարների հետ: Դրա հետևանքների վերլուծությունը թողնում ենք մասնագետներին»,- ասված էր ԿԳՄՍ հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ