Դոնբասից Ռոստովի մարզ է տարհանվել ավելի քան 40 հազար փախստական

Ավելի քան 40 հազար փախստական Դոնբասից արդեն ժամանել է Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը։

«Տեղեկություններ կային, որ ավելի քան 40 հազար մարդ ստիպված է եղել լքել Ուկրաինայի հարևան շրջանները և ժամանել Ռուսաստանի տարածք: Այժմ նրանք հիմնականում գտնվում են Ռոստովի մարզում», — ասել է նա՝ հավելելով, որ 92 ժամանակավոր բնակության կենտրոն է ստեղծվել տարհանվածների համար:

Մոտ երկու հազար մարդ էլգնացել է Վորոնեժի և Կուրսկի շրջաններ, Չուպրիյանի խոսքով՝ գիշերը տարհանված բնակիչներով երեք գնացք է մեկնել։

ԱԻՆ ղեկավարը հավելել է, որ գերատեսչությունը ստուգում է փախստականների տեղաբաշխման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը և կարձագանքի յուրաքանչյուր խնդրահարույց դեպքի։

«Եվ դա նաև խրախուսում է քաղաքապետարանների տեղական ղեկավարներին ավելի արագ աշխատել, այո, ինչ-որ տեղ ուշացումներ կան, չենք թաքցնում»,- եզրափակել է նա։

Այս շաբաթ իրավիճակը Դոնբասում լրջորեն սրվել է. կողմերը փոխադարձաբար միմյանց են մեղադրում: Ռուսական կողմը պնդում է՝ Կիևը անտեսում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, բանակի մեծ մասը կենտրոնացրել է Դոնեցկի և Լուգանսկի հետ շփման գծում և պարբերաբար հրետակոծում է, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ։ Ուկրաինական կողմն էլ Ռուսաստանին է մեղադրում բնակավայրերի ուղղությամբ կրակ բացելու ու մինսկյան պայմանավորվածությունները խախտելու մեջ:

Իրավիճակի սրման պատճառով ինքնահռչակ հանրապետությունները սկսել են կանանց, երեխաների և ծերերի տարհանումը Ռոստովի մարզ, ինչպես նաև հայտարարել են ընդհանուր մոբիլիզացիա։

Ուկրաինայի արեւելքում հակամարտությունը շարունակվում է արդեն ութ տարի, այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհ է դարձել ավելի քան 13000 մարդ, ևս մոտ 44.000-ը վիրավորվել են։ Բելառուսի մայրաքաղաքում կոնտակտային խմբի նիստում քննարկվել է լարվածության դեէսկալացիան։ Հիմք են ընդունվել մինսկյան համաձայնագրերը, որոնք նախատեսում են սահմանադրական բարեփոխում, հրադադարի ռեժիմ և ծանր զինատեսակների դուրսբերում շփման գծից։

Դոնբասում լարվածության մասին շարունակաբար ահազանգում է ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, որոնք նաև օգնում են զինվել Ուկրաինային և այնտեղ են ուղարկում ռազմական հրահանգիչներ: Մոսկվան բազմիցս կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը, քանի որ դա կարող է Կիևին հրահրել ռազմական արկածախնդրության: Ուկրաինան ու միջազգային կառույցներն էլ իրենց հերթին կոչ են անում Ռուսաստանին զերծ մնալ հարձակումից ու իրավիճակի սրումից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ