![]()
Վերջին շրջանում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ կանչով մեկնած Շտապօգնության բժշկական անձնակազմի հանդեպ որոշ քաղաքացիներ ցուցաբերում են ոչ հարգալից վերաբերմունք: Երբեմն անգամ բանը հասնում է հայհոյանքների, քաշքշոցների և բռնության գործադրման:
Շատերն արդարանում են՝ պատճառաբանելով, թե հուզմունքը կամ լարվածությունն են պատճառ դառնում նման վարքագծի դրսևորման:
Բոլորովին վերջերս էլ նմանօրինակ մի դեպք էր գրանցվել Վարդաշեն թաղամասի Վարդաշեն 5-րդ փողոցի 34 հասցեում, երբ Շտապօգնության կանչով ժամանած բժշկի և բուժքրոջ հանդեպ բռնություն էին գործադրել պացիենտն ու նրա հայրը: Պատճառն այն էր եղել, որ նա հրաժարվել էր տեղափոխվել հիվանդանոց: Տանտերը բռունցքով հարվածել էր բժշկին, հետո ձեռքի փայտով՝ գլխին: Իսկ տանտիրոջ որդին ձեռքով և փայտով հարվածել էր բժշկի ծոծրակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա պատռել վերջինիս բաճկոնը, այնուհետև ձեռքով և փայտով հարվածել Շտապօգնության ավտոմեքենային։ Հարվածների և հրմշտոցների ժամանակ տուժել էր նաև բուժքույրը:
Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ևս հաստատում է, որ վերջին շրջանում կարծես ավելի շատ են գրանցվում դեպքեր, երբ կանչով գնացած բուժանձնակազմի հանդեպ մարդիկ բռնություն են գործադրում: Սա, Ստեփանյանի կարծիքով, մշակութային խնդիր է: Իրականություն, որի հետ ամեն օր առնչվում է Շտապօգնության բուժանձնակազմը:
«Հասարակությունն ինքն իրենով պետք է փոխվի, իր մտածելակերպով: Պետք է բուժաշխատողների հանդեպ անհարկի տրամադրվածությանը վերջ տա: Հասարակությունը պետք է գիտակցի, որ պահեր կան, երբ այդ բուժանձնակազմի կողմից արագ տրամադրվող օգնությունից է կախված մարդկանց կյանքը: Բռնությունը յուրաքանչյուրի հանդեպ՝ դա կլինի բժիշկ, բուժքույր, թե այլ անձ, անթույլատրելի է»,- նշում է Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ Շտապօգնության բուժանձնակազմը աշխատանքի բերումով հանդիպում է տարբեր տեսակի մարդկանց, սակայն դա չի նշանակում, թե որևէ մեկը կարող է և իրավունք ունի նվաստացնել բժշկին կամ անձնակազմի որևէ անդամի:
«Երբեմն մարդիկ բժիշկներին չեն դիտարկում որպես իրենց օգնություն ցուցաբերողի, այլ իրենց հասկացողության շրջանակում՝ որպես անձնավորության, ում հանդեպ կարող են բռնություն գործադրել: Դա էլ գալիս է նրանից, քանի որ խիստ պատիժներ չկան, որոնք մարդկանց կստիպեն զերծ մնալ նման արարքներից»,- նկատում է զրուցակիցը:
Շտապօգնության տնօրենը վերհիշում է մի դեպք ևս, երբ բժիշկը հիվանդի կյանքի համար պայքարելիս արժանացել է ոչ թե շնորհակալության, այլ վիրավորական խոսքերի. «Մի քանի օր առաջ կանչով գնացել էինք ռեստորան, հիվանդը շատ ծանր վիճակում է եղել, զարկերակն էլ չի եղել, կարիք է եղել ռեանիմացիա տեղափոխելու: Այսինքն՝ նա կյանքի ու մահվան խաչմերուկում է գտնվել: Հիվանդը շատ նեղ շոր է հագած եղել, պետք է եղել երակային ներարկում անել, և դրա համար բժիշկը պատռել էր հագուստը: Երբ հիվանդը գիտակցության էր եկել, վիրավորել էր բժշկին՝ շնորհակալ լինելու փոխարեն»:
Թագուհի Ստեփանյանի կարծիքով՝ որևէ պատճառ չի կարող լինել, որը կարող է ստիպել, որ բուժանձնակազմի հանդեպ ցուցաբերվի անհարգելից վերաբերմունք, առավել ևս՝ գործադրվի բռնություն:
«Երբեմն վարորդն ու բժիշկը չեն արձագանքում, բայց դա ուղղակի անթույլատրելի իրավիճակ է: Մարդիկ եկել են քեզ օգնելու, դու նստում ու փայտով խփում ես բժշկին: Ճիշտ է, օրենք կա, դու կարող ես դիմել, պատասխանատվության ենթարկեն, սակայն մարդկանց գիտակցության մեջ պետք է լինի, որ չի կարելի նման վարքագիծ դրսևորել: Մենք նման դեպքերում անպայման ահազանգում ենք Ոստիկանություն: Հասարակությունն էլ իր հերթին պետք է ցույց տա, որ բռնությունը բոլոր պարագաներում անընդունելի է»,- ընդգծում է նա:
Շտապօգնության տնօրենն ասում է՝ նման դեպքերի հետևանքով տարիներ առաջ երկու լավ մասնագետներ դուրս են եկել աշխատանքից, քանի որ այլևս չեն ցանկացել իրենց աշխատանքը շարունակել վեճերի ու անշնորհակալ վերաբերմունքի պայմաններում: Ըստ նրա՝ երբեմն բժիշկները հիասթափվում են իրենց աշխատանքից, քանի որ գնում են անձին օգնելու, նրա կյանքի համար պայքարելու, այլ ոչ թե վիրավորանքի ու բռնության ենթարկվելու:
«Մարդիկ պետք է հասկանան, որ օգնության եկած բուժանձնակազմի հանդեպ նման վերաբերմունք դրսևորելը սխալ է: Յուրաքանչյուրն իր կյանքում ունի որոշակի խնդիրներ, բայց դա շրջապատի վրա տարածելն էգոիստություն է»,- շեշտում է Շտապօգնության տնօրենը:
![]()