Խոսքս ձևախեղել են, փորձում են ուղղորդել, թե իշխանությունների թողտվության հետևանքով Գյումրիում շների սպանդ է

Նախորդ շաբաթվա վերջ, երբ Գյումրիում շների մասնատված դիեր ու հրազենային վիրավորումներով կիսասատկած ու սատկած մարմիններ հայտնվեցին, կենդանասերներն ու քաղաքացիները բողոքի սլաքներն անմիջապես ուղղեցին Գյումրու համայնքապետարանի, նաև Շիրակի մարզպետարանի, մասնավորապես՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուղղությամբ:

Մարզպետին ուղղված մեղադրանքի հիմքում խորհրդակցություններից մեկի ժամանակ վերջինիս կողմից արված անդրադարձն էր թափառող շների խնդրի լուծմանը: Համայնքապետերի հետ հունվարի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը Բաղդասարյանն ասել էր, որ որևէ կերպ հակված չէ կենդանիներին դաժանաբար սպանելուն, սակայն հարցը պետք է կանոնակարգել:

«Սա քաղաքի խնդիրը չէ, մարզի խնդիրը չէ, նաև հնարավոր բոլոր առիթներով ինձ դիմող մարդկանց էլ եմ բացատրում, որ խնդրի կարգավորումը դուրս է մարզպետի լիազորություններից: Ապաստարաններն ու այլ միջոցները խիստ ծախսատար են և երբեմն անարդյունավետ: Երկրորդ տարբերական էլ ես՝ որպես իրավաբան, խորհուրդ եմ տվել, որ օրենքի չեղարկման մեխանիզմին դիմեն, ստորագրահավաք նախաձեռնեն, եթե քաղաքացիներն ունեն նման ցանկություն: Կարծում եմ՝ բոլոր համայնքներում կա այս խնդիրը, և այն լուծել է պետք»,- մասնավորապես նշել էր մարզպետը:

Թեպետ համայնքապետարանը «Հայկական ժամանակ»-ին տված մեկնաբանությամբ ավելի վաղ հերքել էր իր մասնակցությունը տեղի ունեցածում, սակայն «կրքերը» կարծես չեն հանդարտվում, և տպավորություն է, որ որոշ «կենդանասերների» նպատակն ամենևին կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձին բացահայտելը չէ, այլ մտացածին կոնկրետ անձանց թիրախավորելը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով շարունակվող մեղադրանքներին՝ Շիրակի մարզպետը նկատեց, որ որոշակի շրջանակներ, ունենալով անձնական շահագրգռվածություն, խորհրդակցության ժամանակ հնչեցրած իր միտքը ձևախեղել և արդյունքում մատուցել են հանրությանը, թե մարզպետը ցանկություն ունի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը չեղարկել:

«Ֆիքսենք, որ մարզպետը նման լիազորություն, առավել ևս նման ցանկություն չունի, որովհետև տվյալ գործառույթը մարզպետարանի լիազորություններից դուրս է: Դա լիազորություն է, որն իրականացնում է համայնքը: Եվ հետո, ՀՀ օրենսդրությունը ցանկացած փոփոխության համար ունի որոշակի գործիքակազմ, որն էլ մատնանշվել է: Եվ դա նորություն չէ: Հանրաքվեի կամ տեղական հանրաքվեի մասին օրենքը նույնպես ենթադրում է քաղաքացիների մասնակցությունը և այն ամենը, ինչը հնչեցվել է իմ կողմից, Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ նախատեսված են»,- պարզաբանեց Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մոտեցումները, քաղաքացիների բողոքները, ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված մոտեցումները. «Շատ ժամանակ քաղաքական ենթատեքստով փորձում են ուղղորդել, որ Գյումրիում կենդանիների սպանդ է տեղի ունենում, և դա իշխանությունների թողտվության հետևանքն է: Կրկին ասում եմ, որ սա քաղաքական շրջանակների կողմից ուղղորդված միտում է՝ որոշակի դիվիդենտ շահելու նպատակով»:

Այս պահին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը անուններ չի ցանկանում տալ, թե ո՞վ կամ ովքե՞ր են ուղղորդում, սակայն զգուշացում է. «Ես թույլ չեմ տա, որ իմ անունն ու բարի համբավը արատավորեն: Հաջորդ ցանկացած նման փորձի դեպքում դատական կարգով պատասխանատվության կենթարկվի ցանկացած ոք: Հայտնի խորհրդակցության ձայնագրությունը կա, իմ խոսքերն առանց մոնտաժելու՝ ամբողջովին կան, թե ես ինչ եմ ասել»:

Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ Ոստիկանության Մուշի բաժնի պետն իր հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել Գյումրիում շների հետ կատարված դեպքերից:

«Յուրաքանչյուր բաժնում մեկական դեպք կա արձանագրված: Մեկը, որ շունն ունեցել է հրազենային վիրավորում, ինչի հետևանքով սատկել է: Այս դեպքում տեսախցիկների ձայնագրություններն են ուսումնասիրվում: Երկրորդ դեպքում ուսումնասիրվել է շան մասնատված լինելու դեպքը, և Ոստիկանության ղեկավարն ինձ ամեն դեպքում վստահեցրեց, որ տեղի ունեցածը ոչ թե մարդկային գործոնով է պայմանավորված, այլ շունը եղել է հոշոտված: Սակայն դրանից առաջ շունը սպանվա՞ծ է եղել, թե՞ այլ հանգամանք կա, պարզ չէ»,- նշեց Շիրակի մարզպետը:

Նազելի Բաղդասարյանը ոստիկանությանը հորդորել է լինել հետամուտ, որպեսզի ցանկացած պարագայում մեղավորը կամ մեղավորները կրեն պատասխանատվություն, ինչը ենթադրում է և նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով:

«Ցանկացած պարագայում, ցանկացած արարք, որը քրեորեն պատժելի է, պետք է ունենա պատասխանատու, և օրենքը բոլորի համար հավասար է»,- շեշտեց մարզպետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ