«Այն, որ Քոչարյանը իբր թե չի հասկանում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա մարտավարությունն է». Սեդա Սաֆարյան

Օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվեց 3 մլն դոլար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, որի ժամանակ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։

Մեղադրական եզրակացության ընթերցումից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե «չի հասկանում»՝ ինչի՞ համար են իրեն մեղադրում:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով մեղադրական եզրակացության՝ Քոչարյանի համար անհասկանալի լինելուն, նկատեց, որ դա պարզապես Քոչարյանի մարտավարությունն է:

«Մեղադրական եզրակացության մեջ որևէ բարդություն չկա: Նույն կերպ իրենք չէին հասկանում Մարտի 1-ի գործով առաջադրված մեղադրանքը: Դա ձևական, պաշտպանական տակտիկա է: Մեղադրանքը շատ պարզ շարադրված է. թե ումից, որքան կաշառք է վերցրել և դրա համար ինչ պատիժ է հասնում: Մարտի 1-ի մեղադրանքի ժամանակ էլ ամեն բան արեցին, որ չհասկանան, թե ինչ է կատարվում: Եվ իրենց այդպես իսկապես հաջողվեց այնպես անել, որ հասան ցանկալի արդյունքին, և մեղադրանքը հանվեց: Մեղադրական եզրակացություն, ապացույցների հետազոտում, հարցաքննություններ տեղի չունեցան: Հանրությունն այդպես էլ չիմացավ՝ այդ 80 հատորում ինչ սարսափելի դրվագներ կային: Նրանք այնպես արեցին, որ այդ ամենը չհրապարակվեց դատարանում, իսկ հիմա զարմանում են, որ կարող է մեղադրական եզրակացություն ընթերցեն»,- նշեց Սաֆարյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի և Հայկ Ալումյանի՝ նիստերի դահլիճը լքելուն և, ընդհանրապես, տվյալ դատական գործով նիստերի անընդհատ ձգձգվելուն՝ փաստաբանը նկատեց՝ դա անում են կուլիսային պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

Խոսելով քրեական գործի հետագա զարգացումներից՝ Սաֆարյանը նշեց, որ լավատեսական էր գործի առաջին մասի հետ կապված, սակայան այլևս ոչ մի լավատեսություն չունի:

Դիտարկմանը, որ դատական նիստից հետո համացանցում տարածվում էին լուսանկարներ, որտեղ ծաղրում էին դատավոր Աննա Դանիբեկյանի արտաքինը, հարցին՝ արդյոք սրա միջոցով փո՞րձ է արվում ճնշում գործադրել նրա վրա, Սեդա Սաֆարյանը նշեց. «Դանիբեկյանն ի՞նչ է անում, որ նրա նկատմամբ ճնշումներ գործադրեն: Նա որոշումներ էր կայացնում, որոնք թույլ էին տալիս դատական նիստերը ձգձգվեին: Դանիբեկյանն ի՞նչ որոշում է կայացրել, որը թույլ կտար գործն առաջ տանել: Բոլորն իրար հետ համագործակցում են»:

Սաֆարյանի խոսքով՝ այս գործով դատախազությունը հնարավոր է լուրջ ձախողումներ ունենա: «Դատախազության աշխատանքն այն անպտուղ վիճակն է, որը հիմա կա: Իրենց աշխատանքին բնորոշելու ոչինչ չունեմ ասելու, իմ արձագանքը նրանց աշխատանքին բացասական է»,- եզրափակեց զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք։

Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ