Ընդդիմությունը չի ուզում աշխատել 44-օրյա քննիչ հանձնաժողովում, քանի որ վստահ չի իր վրա, չգիտի, թե ինչ ելքի ու արդյունքի կբերի իր աշխատանքը

Նախորդ գումարման ԱԺ-ում ձևավորված՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Սողոմոն Սողոմոնյանը նորմալ չի համարում գործող խորհրդարանի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների որոշումը՝ չմասնակցել նոր ձևավորված մեկ այլ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Այս որոշումը Սողոմոնյանը որակում է «քաղաքական» ու տարակուսում է՝ երբ հարցը վերաբերում է պետության համար ճակատագրական հարցերի պատասխանները գտնելուն, մի՞թե հնարավոր չէ վեր կանգնել նեղ կուսակցական և քաղաքական խնդիրներից։

Հիշեցնենք՝ «Ապրիլյան պատերազմի» քննիչ հանձնաժողովի կազմում ընդդիմությունը ներկայացնող չորս անդամ կար՝ ԲՀԿ-ից Սողոմոն Սողոմոնյանն ու Վարդան Վարդանյանը, «Լուսավոր Հայաստան»-ից՝ Գևորգ Գորգիսյանն ու Ռուբիկ Ստեփանյանը։ «Երբ ես մասնակցում էի ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրղ հանձնաժողովի նիստերին, ամենաառաջին նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ բոլորը՝ ինքն էլ ներառյալ, պետք է մի կողմ դնեն բոլոր տեսակի քաղաքական հարցերը, տարաձայնությունները, հին ու նոր վեճերը ու օբյեկտիվ, անաչառ քննության առնեն պատերազմի հանգամանքները։

Մենք քվեարկեցինք, համաձայնեցինք, ընդունեցինք առաջարկն ու սկսեցինք նորմալ աշխատել։ Մենք կարիք չունեինք քաղաքական հայտարարություններ անելու, մեզ հետաքրքրում էր գործը։ Ես միշտ մտածել եմ պետության մասին, այլ ոչ թե օրվա իշխանության կամ երեկվա, կամ վաղվա իշխանության մասին, մտածել եմ, թե որքանո՞վ է հնարավոր օգնել պետությանը՝ մասնակցելով պետական կարևորության հարցի քննությանը, և կողմ եմ ստորագրել հանձնաժողովի եզրակացությանը։ Ես այժմյան ընդդիմության որոշումը՝ բոյկոտել նոր ստեղծված հանձնաժողովի աշխատանքները, նորմալ չեմ գնահատում։

Այդ հանձնաժողովը ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի, այլ մեր պետությանը, մեր երեխեքին վերաբերող հարցերին պիտի փորձի պատասխանել, դուք ու մենք, համայն հանրությունն ի՞նչ է՝ չպիտի՞ ճշմարտությունն իմանա, ճշմարտություն, որը, կրկնում եմ, մեր երեխեքին է վերաբերում»,- civic.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը։

Մեր զրուցակիցը նշեց, որ կարևորում է նոր հանձնաժողովի ստեղծումը, և հատուկ ընդգծեց՝ այդտեղ որևէ մեկը չպիտի փորձի քաղաքական հարցեր լուծել։ Դիտարկմանը՝ ընդդիմության կողմից անցած մեկուկես տարիների ընթացքում և դրանից առաջ էլ մի շարք ծանրագույն մեղադրանքներ էին հնչում իշխանության հասցեին՝ հողատու, ուրացող, դավաճան, սակայն այժմ, երբ այդ մեղադրանքները հաստատելու կամ հերքելու առիթ է ստեղծվել, ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, Սողոմոնյանն արձագանքեց. «Ակնհայտ է, որ իրենք լրիվ ուրիշ բան են ուզում, ինչի՞ մասին է խոսքը։ Չեն ուզում ուղղակի աշխատել, քանի որ վստահ չեն իրենց վրա, վստահ չեն, թե ինչ ելքի, արդյունքի կբերի իրենց աշխատանքը»։

Սողոմոնյանն ասաց, որ եթե վերընտրված լիներ որպես պատգամավոր, անպայման կմասնակցեր ստեղծված նորաստեղծ հանձնաժողովի աշխատանքներին։

— Պարոն Սողոմոնյան, Ձեզ համար տեսանելի՞ են 44-օրյա պատերազմին հանգեցրած հանգամանքները։

— Այո, որպես ՀՀ քաղաքացի՝ տեսանելի են, սակայն այն, ինչ ինձ համար է տեսանելի՝ իմ սուբյեկտիվ ընկալումներից ելնելով, գուցե շատերի համար տեսանելի չէ։ Այդ հանգամանքների և մնացած հարցերի մասին ավելի ռեալ, ոչ թե օդի մեջ, պետք է քննություն ծավալվի հանձնաժողովի շրջանակներում, փաստաթղթեր ուսումնասիրվեն, մարդիկ հրավիրվեն, պատասխանեն հանձնաժողովի հարցերին, որպեսզի պատկերն ամբողջական դառնա։

— Քանի որ եղել եք ապրիլյան քառօրյա պատերազմի հանձնաժողովի անդամ և տեղեկացված եք այս պատերազմի հանգամանքների մասին՝ կապ տեսնո՞ւմ եք 2016-ի և 2020-ի պատերազմների միջև։ Արդյոք վերջինը նախորդի շարունակությո՞ւնն էր։

— Այո, ես այդ կարծիքին եմ։ Բաներ կան, որոնք ես, գաղտնիության սկզբունքը հարգելով, քանի որ համապատասխան ստորագրություն եմ տվել, չեմ կարող ասել։ Ասեմ ընդամենը, որ հանձնաժողովի «չգրված» անելիքներից մեկն էլ բանակի խոցերը հայտնաբերելն ու վերացնելն էր, բայց, ցավոք, չհասցրինք, քանի որ մեր հակառակորդները արագացրին հարձակումը, չթողեցին, որ ժամանակ ունենանք՝ այդ խոցերը վերացնելու, բանակն առողջացնելու համար. տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։

Որպես նախկին հանձնաժողովական՝ ինձ իրավունք եմ տալիս գնահատական տալու քառօրյա պատերազմի հանձնաժողովին ու ասելու, որ այն շատ օբյեկտիվ է գործել՝ իմ դիտարկմամբ, չէր էլ կարող այլ կերպ, քանի որ նիստերը տեսագրվել են, գրի են առնվել, հանձնաժողովի անդամներն էլ ազատ են եղել իրենց հուզող ցանկացած հարց տալուց, առաջարկություն անելուց, առարկելուց և այլն… Ես մի քանի նիստի բացակայել եմ՝ հարգելի պատճառներով՝ առողջական խնդիրներ ունեի, սակայն պարտքս եմ համարել պատշաճ կերպով ծանոթանալու իմ կողմից բաց թողնված նիստերի ձայնագրություններին։

Ասեմ, որ բացի Յուրի Խաչատուրովից, մնացած բոլորին՝ Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան և այլ պաշտոնյաներ, քննել ենք, մենք նույնիսկ «Սկայպ»-ի միջոցով զրուցել ենք ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Նորաստեղծ հանձնաժողովի դեպքում էլ, համոզված եմ, նույն կարգն է գործելու՝ մարդիկ մի կողմ են դնելու քաղաքական հարցերն ու լծվելու են ճշմարտության բացահայտմանը։

Ի տարբերություն ապրիլյանի հանձնաժողովի՝ այս հանձնաժողովի աշխատանքները, իմ ենթադրությամբ, շատ ավելի երկար են տևելու, քանի որ ահռելի, ծավալուն, բարդ աշխատանք կա անելու։ Հարկավոր կլինի շատ հետ գնալ ու գտնել տեղի ունեցածի արմատը, հիմքը, թե ինչից հետո ինչ է ստացվել, ինչը չպիտի արվեր, որ արվել է, կամ ինչը պետք է արվեր, որ չի արվել։ Թեև արտաքին հայացքից տեսանելի է ամեն ինչ՝ ինչ հանգամանքներ բերեցին, հասցրին պատերազմին, սակայն որպեսզի հանձնաժողովականներն ավելի խորությամբ տեսնեն պատճառները, պետք է մասնակցեն նիստերին, ներսից տեսնեն, քննեն, վերլուծեն ակնհայտը։

— Քառօրյա պատերազմի հանձնաժողովի եզրակացության տակ չստորագրող անդամ կա՝ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, Ձեզ հայտնի՞ է՝ ինչո՞ւ է տիկին Պողոսյանը նման կերպ վարվել։

— Չստորագրելու համար գուցե նեղ անձնական ինչ-որ խնդիրներ ունի, մենք անձնապես շատ չենք առնչվել, չեմ կարող ասել։ Բայց հարց է առաջանում՝ մարդը այդքան ժամանակ աշխատի, շուրջ մեկ տարի գնա-գա հանձնաժողովի նիստերին, չարչարվի, իսկ վերջում չքվեարկի՞ իր կատարած աշխատանքին։ Եթե համաձայն չես, առարկություն հայտնիր, բայց ջուրը մի լցրու արածդ գործը։

Հ.Գ. Մեզ չհաջողվեց Քրիստինե Պողոսյանից պարզել, թե ինչու չի ստորագրել եզրակացության տակ։ Նա մեր բազմաթիվ հեռախոսազանգերին չպատասխանեց։ Նշենք, որ Քառօրյա պատերազմի հանձնաժողովի եզրակացությանը գաղտնիության ռեժիմով ծանոթացել են ՊՈՒ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, «Հայաստան» խմբակցության անդամներ Գեղամ Մանուկյանը և Արծվիկ Մինասյանը։ Այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավաստիացնելով, թե եզրակացության մեջ կա 90 ժամ տևողությամբ ձայնագրություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ