![]()
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը
– Պարո՛ն Խաչատրյան, հանրակրթական դպրոցներ են ուղարկվել 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում գնահատման նոր մեթոդական ցուցումները, որոնց համաձայն կիսամյակային գրավոր աշխատանքներ այլևս չեն լինելու, իսկ միավորային գնահատումն իրականացվելու է բանավոր հարցմամբ, գործնական, նախագծային, թեմատիկ և բացառիկ դեպքում՝ ամփոփիչ աշխատանքներով։ Աշակերտների կրթական մակարդակի բարձրացմանը որքանո՞վ են նպաստելու գնահատման այս նոր մեթոդական ցուցումները։
– Չեմ կարծում, որ շատ էական փոփոխություն կլինի այդ առումով։ Հիմնական հարցն այստեղ հետևյալն է, որ այդ կիսամյակային գրավոր աշխատանքները, որ կային դպրոցներում, բավական խնդիրներ էին ստեղծում, օրինակ՝ աշակերտները մեկ օրվա ընթացքում երկու-երեք կիսամյակային գրավոր էին գրում, ինչը, եթե ռեալ նայենք՝ անհնար է, որովհետև մարդը չի կարող երկու-երեք առարկայից գրավոր գրել: Դա բերում է արհեստական լարվածության, աշակերտներն ինչ-որ կեղծիքների էին դիմում, տոտալ արտագրություններ էին անում, երբեմն լինում էր դեպք, որ շատ վատ սովորող աշակերտը բարձր գնահատական էր ստանում։
Բայց եթե նայում ենք զուտ մանկավարժական տեսանկյունից, այդ կիսամյակային ամփոփիչ աշխատանքը շատ կարևոր է, որովհետև եթե դու կիսամյակի ընթացքում ուսումնասիրել ես փազլի տարբեր կտորներ, կարևոր է, որ վերջում ամբողջական փազլը հավաքես, այս իմաստով, դա մանկավարժական տեսանկյունից շատ կարևոր է։ Իհարկե, հիմա նախարարությունը, չափորոշիչներով էլ է դա ամրագրված, առաջարկում է նախագծային աշխատանքների իրականացում, որը հնարավորություն է տալիս ընթացքում սովորածդ կիրառելու, ինչն այդքան էլ հեշտ չի լինելու, որովհետև նախագծային աշխատանքների համար աշակերտներն ահագին գիտելիքներ պետք է ունենան, դու չես կարող ինչ-որ պրոյեկտ անել, եթե գիտելիքներդ աղքատ են։
Նախագծայինի դեպքում էլ են առաջանալու այն նույն ռիսկերը, ինչ՝ կիսամյակային գրավոր աշխատանքների ժամանակ։ Այսինքն՝ այդ խնդիրները մնալու են, դրանք չեն էլ վերանալու, որովհետև եթե մենք փոխում ենք միայն գումարելիների տեղերը, դրանք առանձնապես էական փոփոխություններ չեն մտցնի։
Մեր գլխավոր խնդիրը սովորելու մշակույթի բացակայությունն է, իսկ դա ամենակարևորն է, իսկ մշակույթը միշտ կուլ է տալիս ցանկացած փոփոխություն: Եթե մենք չփոխենք այդ մշակույթը, որ երեխաները սկսեն սովորել, այդ անազնվություններից հետ կանգնեն, այս տեղաշարժերը ոչինչ չեն փոխելու։
– Եթե կիսամյակային ամփոփիչ աշխատանքները, ինչպես ասում եք, մանկավարժական առումով շատ կարևոր են, լավ չէ՞ր լինի կրճատել դրանց քանակը, բայց պահպանել, այլ ոչ թե փոխարինել նախագծային աշխատանքներով։
– Կարելի էր անել իհարկե, մեկ այլ տարբերակ էլ կա, որին ես ավելի կողմնակից եմ․ կարելի է վերցնել միջառարկայական թեմաներ, որտեղ կլինեն այնպիսի հարցեր, որոնք հնարավորություն կտան աշակերտներին՝ տարբեր առարկաներից իրենց սովորածը կիրառել։
Կամ՝ կարող է լինել մեկ կամ երկու գրավոր աշխատանք, որտեղ կլինեն այդ առարկաներից հարցեր, որպեսզի աշակերտները նախ՝ գոնե կարևոր բաները սովորեն, ու այդ միջառարկայական կապը երևա։ Սա ավելի արդյունավետ է, բայց նորից եմ ասում՝ սրանք էլ չեն աշխատելու, եթե երեխան արտագրում է։
– Պարո՛ն Խաչատրյան, իսկ ուսուցիչները դժվարությունների չե՞ն հանդիպի այս նոր չափանիշներով գնահատում իրականացնելիս։
– Մեծ դժվարություններ կլինեն, հատկապես այդ ձևավորող գնահատման մասով, դրանք բավական բարդ են, որոնք իրականացնելու համար ուսուցիչներից իսկապես շատ մեծ ջանքեր են պահանջվելու, վերապատրաստումների անհրաժեշտություն կլինի։
– Ձեր կարծիքով՝ գնահատման լավագույն չափանիշը ո՞րն է, որը թույլ չի տա կամ գոնե նվազագույնի կհասցնի սովորողի արտագրելու հավանականությունը։
– Ամենալավը երևի թե բանավոր հարցման ձևերն են, որտեղ երեխան պատասխանում է այն, ինչ գիտի: Ես դրա կողմնակից եմ, բայց դրանից էլ են հիմա հրաժարվում, որովհետև այդտեղ էլ գնահատողի կողմից դրսևորվող սուբյեկտիվիզմ կա, բայց ամեն դեպքում դա պետք է, հիմա բուհերի ընդունելության քննությունների ցանկից էլ բանավոր քննությունները հանել են։
Այստեղ, իհարկե, ես խնդիր տեսնում եմ, որովհետև ամեն դեպքում բանավորը պետք է։ Բանավոր շարադրանքը կարևոր առաջադրանք է, որը հիմա մենք կորցնում ենք։ Գնահատման ամենամեծ խնդիրը գիտե՞ք որն է, որ մենք հաճախ գնահատում ենք ոչ թե այն, ինչը կարևոր է, այլ այն, ինչը հեշտ է գնահատել, ինչի պատճառով էլ շատ կարևոր բաներ կորցնում ենք։
– Կարծում եք, որ այս չափանիշները նույնությամբ կդառնան հիմնական գնահատման միջոց, թե՞ որոշակի փոփոխությունների կենթարկվեն։
– Որոշ վերանայումներ, կարծում եմ, կլինեն, բայց Հայաստանում շատ բաներ որ փորձարկում ենք, հետո շատ քիչ ենք վերանայում: Որպես կանոն՝ ինչը փորձարկվում է, այն էլ կիրառվում է։ Այնուամենայնիվ, դրանք մեծ արդյունավետություն չեն կարող ապահովել՝ կրթության որակի բարելավման մասով։ Ուզում եմ ասել, որ գնահատումը շատ-շատ կարևոր է, եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխել, պետք է գնահատումից սկսենք, որովհետև սովորողները միշտ նայում են, թե վերջում իրենց ինչպե՞ս են գնահատում ու ըստ այդմ են սովորում։
Մեկ օրինակ բերեմ. այսքան տարի ասում են, որ պետք է քննադատական միտքը զարգացնել, բայց ինչո՞ւ այն չի զարգանում, որովհետև քննության ժամանակ թեստ են տալիս, ոչ թե քննադատական մտածողություն ստուգող հարցեր։ Եթե դուք հիմա ինձնից հարցնելու եք հիշողությանը վերաբերող հարցեր, էլ ես ինչո՞ւ եմ քննադատական մտածողության մասով ջանք ու ժամանակ վատնում։ Սրա պատճառով էլ արդեն 15 տարի է՝ թղթի վրա է մնում այդ քննադատական մտածողության զարգացումը։
MediaLab.am
![]()