![]()
Գերմանացի գիտնականները ևս մեկ հաստատում են գտել, որ երեխաները COVID-19-ով ավելի քիչ են վարակվում, քան մեծահասակները։
Այս մասին ասվում է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Սորեն Գերսթինգի հետազոտության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Գերմանիայում SARS-CoV-2 վարակների հաճախականության լայնածավալ դիտարկման արդյունքներով ակնհայտ է դարձել, որ երեխաները ավելի քիչ են վարակվում, քան մեծահասակները։
Ուսումնասիրությունը սկսվել է 2020 թվականի մայիսին և կենտրոնացել է Համբուրգում տեղի ունեցած երեխաների վարակման բոլոր դեպքերի վրա, ինչպես նաև ուսումնասիրել է նրանց բժշկական պատմությունը:
Բացի դրանից, գիտնականները հետևել են հիվանդ մեծահասակներից երեխաների վարակման հաճախականությանը, ընտանիքի այլ անդամներին վիրուսի փոխանցմանը և մարմնում հակամարմինների մակարդակի նվազման արագությանը: Տվյալներ են հավաքվել շուրջ 4,6 հազար երեխաների մասին։
Պարզվել է, որ 2020 թվականի ամռան սկզբին հետազոտության մասնակիցների միայն 1,9%-ն է դարձել կորոնավիրուսի կրող։ Միևնույն ժամանակ, մանկական օրգանիզմներում հակամարմինների կոնցենտրացիան հիվանդությունից հետո գրեթե երկու անգամ ավելի բարձր է եղել, քան մեծահասակների մոտ, և նրանցից շատերի մոտ իմունիտետը զգալիորեն չի թուլացել նույնիսկ ապաքինվելուց ինը ամիս անց։
![]()