Հունվարի 1-ից 44 համարի երթուղին չի սպասարկվում

Չնայած քաղաքապետարանի եւ Կառավարության գործադրած ջանքերին՝ Երեւանում հասարակական տրանսպորտի հարցը դեռեւս ամբողջապես լուծված չէ:

Մի շարք երթուղիներ դադարեցրել են գործունեությունը, քանի որ վաղեմության առավելագույն՝ 15 տարի ժամկետը սպառել են: Առայժմ դրանց մի մասն այլ համարներով է փոխարինվել, մի մասի հարցն էլ դեռ մնում է չլուծված:

«Հայկական ժամանակ»-ին դիմած քաղաքացիները հայտնեցին, որ հունվարի 1-ից 44 համարի երթուղին էլ չի գործում, եւ մի ամբողջ թաղամաս սպասարկում է ընդամենը մեկ՝ 75 ա համարի երթուղայինը։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից: Մեզ հայտնեցին, որ 44 համարի երթուղին սպասարկող ընկերության հետ նոր պայմանագրի չի կնքվել, քանի որ այն առավելագույն՝ 15 տարվա ժամկետը սպառել է:

Քաղաքապետարանից նաեւ վստահեցրին, որ այժմ դիտարկվում է 44 համարի երթուղին այլընտրանքային տարբերակներով փոխլրացնելու հարցը, սակայն հստակ որոշում այս պահին դեռեւս չկա:

«Փակված երթուղիների դեպքում նոր մրցույթ է հայտարարվում, եւ որպեսզի հաստատվի նոր երթուղին, պիտի ներկայացվող բոլոր չափորոշիչներին համապատասխանեն: 44 համարի երթուղու վերջնակետը հասնում էր Մարմաշեն գյուղ: Դժվար թե կարողանանք այդ նույն ուղեգիծը լիարժեք սպասարկել, քանի որ հստակ որոշում կա, որ մայրաքաղաքը սպասարկող երթուղիները մայրաքաղաքից դուրս չգան»,- հավելեցին Երեւանի քաղաքապետարանից:

Հիշեցնենք՝ 44 համարի երթուղայինի սկզբնակետն Էներգետիկների բանավանն էր, ապա անցնում էր Ծովակով Իսակովի պողոտայով, Ա. Բաբաջանյան, Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Սեբաստիայի փողոցներով, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաներով, Նորագավթի 1-ին փողոցով հասնում գյուղ Այնթապ, որն էլ վերջնակետն էր: Հետադարձը նույն ուղեգծով էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ