![]()
«Դատական համակարգը ինքը իր ներկայացուցիչների նկատմամբ շատ հանդուրժող է գտնվում ներսում ի սկզբանե, որի արդյունքում շատերը տուժում են՝ հենց նույն համայնքի ներկայացուցչները: Գործընկերներիս հորդորում եմ մտածենք, փորձենք հասկանալ՝ էլ ի՞նչ նոր մեխանիզմներ կարող ենք կիրառել, որ իրավիճակը լուծում ստանա:
Դատական օրենսգրքի վերջին փոփոխությունները ցույց են տալիս, որ ավելի հեշտ է լինելու դատավորներին պատժել, բայց՝ գործադիր իշխանության ցանկության պարագայում, այլ ոչ թե հենց դատական համակարգի»,- այսօր խորհրդարանում դատական համակարգի անկախության սպառնալիքների թեմայով քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն այսպես հակադարձեց ԲԴԽ-ի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին, երբ վերջինս փորձում էր համոզել, որ դատական համակարգը ինքնամաքրվում էր:
Վարդազարյանը պատասխանեց. «Պարոն Գեւորգյան, դուք ինձ նոր ոնց որ թե մեղադրեցիք սուտ ասելու մեջ, հա՞: Ես միանշանակ ասում եմ, որ եղել են դեպքեր, երբ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի միջնորդությունները մերժվել են ե՛ւ նախորդ կազմով ԲԴԽ խորհրդում ե՛ւ այս կազմով: Միանշանակ, ավելի շատ մերժվել է, քան թե բավարարվել»:
Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲԴԽ-ում փորձագետ ընտրված Մարինա Պողոսյանին. «Բազմաթիվ անգամներ քննադատական խոսքեր են հնչել իմ անձի նկատմամբ տիկին Պողոսյանի կողմից, անհիմն մեղադրանքներ, վիրավորական արտահայտություններ: 2 անգամ տիկին Պողոսյանը եղել է ԲԴԽ-ում եւ իր մտահոգություններն է հայտնել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք կան ըստ իրեն դատական իշխանությունում:
Իմ պաշտոնավարման ժամանակ դատավորների հարցազրույցին որեւէ ՀԿ ներկայացուցիչ չի մասնակցել…Մարինա Պողոսյանի հետ կապված խնդիր տեսնում եմ, բայց քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցության հետ խնդիր չեմ տեսնում: Մարինա Պողոսյանը այնքան շատ է արձագանքել դատական իշխանությանը պատեհ-անպատեհ առիթներով, նույնիսկ վիրավորական արտահայտություններ է արել, որ իմ կարծիքով ինքը պետք է չուզենար գալ, մտնել այս դաշտ»:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասել էր, որ դատավորների վրա ճնշումներ են գործադրվում հատկապես ընդդիմության կողմից: Այս առնչությամբ Ռուբեն Վարդազարյանը հարցին՝ դուք ընդդիմության կողմից դատավորների նկատմամբ ճնշումներ նկատո՞ւմ եք՝ պատասխանեց.
«Իհարկե, նկատում եմ: Ես ընդհանրապես դեմ եմ, որպեսզի դատական իշխանության վերաբերյալ կարծիք հայտնեն, իմ ասածը խնդրում եմ չքաղաքականացնել: Ես ինչքան իշխանությանն եմ ասում՝ հեռու մնացեք դատական համակարգից, թողեք աշխատեն, այնքան էլ ընդդիմությանը»:
Ըստ նրա, դատավորը պետք է իր առջեւ դրած գործից ուրիշ ոչ մի բան հաշվի չառնի՝ ինչ ասաց վարչապետը, ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, ինչ արձագանք կա փողոցում, դատարանի առջեւ հավաքված հանրահավաք անող ժողովրդի քանակը: Որեւէ հանգամանք չպետք է ազդի դատավորի վրա՝ արդարադատություն իրականացնելիս»:
![]()