Քաղաքացին «տուգանքի մատերիա՞լ է», թե՞ ոչ. վարչապետի պատասխանը ՝ պատգամավորին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ՀՀ քաղաքացին «տուգանքի մատերիա՞լ է», թե՞ ոչ, հստակեցնելով, որ ընդդիմությունը պնդում է, թե իշխանությունների համար տուգանքի մատերիալ է, սակայն նրանք այդ հարցը չեն բարձրացնում:

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ ընդդիմության ներկայացուցիչները սոցցանցերում, հարցազրույցներում ու մամուլում հարցեր են բարձրացնում, բայց կառավարությանը այդ հարցերը չեն ուղղում:

«Ես անձամբ ասել եմ, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, դա ասել եմ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքի համակարգի վերաբերյալ: Իսկ ինչո՞վ էր այդ տուգանային համակարգը քաղաքացուն դարձնում տուգանվելու մատերիալ և ինչո՞վ այսօր չի դարձնում տուգանվելու մատերիալ. 2018-ից առաջ գոյություն ուներ համակարգ, որը քաղաքացուն ասում էր՝ խախտո՞ւմ ես անում, խնդիր չունես, տուգանվիր, էլի արա խախտում, ինչքան ուզում ես տուգանվիր, անսահմանափակ արա ճանապարհային երթևեկության կանոնների խախտում: Սա կարևոր արձանագրում էր»:

Փաշինյանի խոսքով՝ տուգանքներ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ունեցել ենք 500 հազար դրամանոց «էլիտար» տուգանքներ:

«2018 թվականի հեղափոխությունից հետո մենք նախ՝ 15 իրավախախտում, որոնցով տուգանքներ էին նշանակվում, փոփոխություններ արեցինք: Դրանցով քաղաքացին պետք է ստանա բանավոր զգուշացում: Բացի այդ, մենք տուգանքների չափերն իջեցրինք, շատ դեպքերում տուգանքն ընդհանրապես հանեցինք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ դեպքերի 99 տոկոսում տուգանքները չեն գերազանցում 29000 դրամը:

«Մենք ասացինք՝ հարգելի քաղաքացի, եթե շատ խախտում ունես, ուրեմն խնդիր ունես, մենք քեզ ոչ թե թողնում ենք, որ շարունակես խախտում անել և տուգանվել, այլ ասում ենք՝ ուրեմն որոշակի սանկցիաներ են գործում, որոնց արդյունքում դուք կզրկվեք վարորդական իրավունքից և կդադարեք լինել ուրիշների կյանքը վտանգող և, հետևաբար, նաև տուգանքի մատերիալ: Մենք երբեք չենք ասել, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մարդը պիտի չտուգանվի»,- ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ