«ՀՀ-ն շարունակելու է ջանքերը՝ ե՛ւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում». Արարատ Միրզոյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդգծեց՝ ՀՀ ազգային անվտանգային ռազմավարության մեջ հստակ գրված է, որ Հայ ժողովրդի ազգային նպատակներն են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:

Պատգամավորը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ արդյոք գործող Կառավարությունը շարունակո՞ւմ է այս նպատակները պահպանել:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառություն է ստանձնել Կառավարության ծրագրում:

«Ծրագրում հստակ արձանագրված է, որ ՀՀ-ն շարունակելու է ջանքերը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, այնպես էլ աշխարհում մարդկության դեմ նման հանցագործության հետագա դրսևորումների կանխմանն ուղղված»:

Արծվիկ Մինասյանը կրկնեց իր հարցը և հավելեց՝ «Ազգային անվտանգության կոնկրետ ռազմավարության» այդ ձևակերպումը շարունակվո՞ւմ է պահպանվել:

Միրզոյանն էլ շեշտեց, որ իրենք դիտարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև Հայաստանի և հայ ժողովրդի, տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում՝ իբրև հավելյալ երաշխիք հայ ժողովրդի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ