![]()
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներ այսօր հերթական քառօրյայի ժամանակ արձագանքեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երեկվա հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, մեծ հավանականությամբ՝ նաև Հայաստանը, որովհետև այն «ոչ մեկին պետք չէ»:
«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանն ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ նրանք էլ են շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Այնտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, առաջին հերթին տնտեսական անհրաժեշտությունից դրդված, նույնպես կմիանան»,- մասնավորապես ասել էր Լուկաշենկոն:
Իշխող խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կարծիքով՝ Բելառուսի նախագահն անթույլատրելի ու պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել:
«Մասնավորապես նշել է, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը» և այլն: Ես ուզում եմ նշել, որ այս որակումները դատապարտելի են: Մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ, ու ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերը, թե ում էր պետք Հայաստանը: Ես վստահ եմ՝ պարոն Լուկաշենկոն քաջ գիտակցում է, թե ում էր պետք ու ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարեց Հակոբյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով էլ՝ Լուկաշենկոներն ու Մարգարիտա Սիմոնյանները «իրենց գործունեությամբ» արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին. «Լավ կլինի՝ Լուկաշնեկոն գնահատականներ տալուց առաջ Մինսկի օդանավակայանը մտնի, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոցի»:
Ռուստամ Բաքոյանն էլ իր ելույթում արձանագրեց. «Լուկաշենկոն ո՞ւմ է պետք: Այս հռետորական հարցն իրեն իր ժողովուրդը տվել է: Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այդ երկրում, հստակ գնահատական են իր անցած պաշտոնավարման ժամանակահատվածին, թե ինչ վիճակում էր երկիրը, ու դրա արդյունքն ինչ եղավ»:
![]()