Մանդատից հրաժարվել չեմ պատրաստվում, նախարարի հետ էլ նորմալ հարաբերություններ են. Դավիթ Ախտոյանը՝ հրապարակումների մասին

Փետրվարի 8-ին Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում ավագանու նիստ է սպասվում:

Լրատվամիջոցներում այսօր հրապարակումներ են արվել այն մասին, որ նիստի ժամանակ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու ցուցակի 5-րդ համարը՝ Դավիթ Ախտոյանը, որը նույն հրապարակման փոխանցմամբ, «ցուցակի ամենահեղինակավոր թեկնածուն է եղել, և դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում ՔՊ-ի հավաքած ձայների գերակշիռ մասը նրա շնորհիվ է հավաքվել», հրաժարվելու է իր մանդատից ու նաև կուսակցությունից։

Այս տեղեկությունը ճշտելու և պարզաբանումներ ստանալու համար «Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց Դավիթ Ախտոյանի հետ, որը հերքեց ու հերյուրանք որակեց մամուլի հրապարակումները թե՛ հրաժարականի, թե՛ կուսակցությունից դուրս գալու մասին:

«Նման բան չկա: Մենք ժողովրդից մանդատ ենք ստացել աշխատելու, ոչ թե հրաժարվելու համար»,-նշեց Ախտոյանը:

Կուսակցությունից հրաժարվելու մասին հարցին ի պատասխան էլ, ավագանու անդամը նշեց, որ հերյուրանք է նման տեղեկությունը, իրենք շարունակելու են աշխատել «ի շահ ժողովրդի՝ կուսակցության սկզբունքներին մնալով հավատարիմ»:

Նշենք, որ մամուլի հրապարակումներում նաև ասվում է, որ Ախտոյանը անձնական խնդիրներ է ունեցել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ, ինչն էլ հիմք է դարձել կուսակցության հետ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ հայտնվելու համար։

Ախտոյանը մեզ վստահեցրեց, որ այդ տեղեկությունը ևս չի համապատասխանում իրականությանը.

«Կուսակցության ներսում բոլորն իրար հարգանքով են վերաբերվում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ գործընկերային փոխհարաբերություններ են ու փոխադարձ հարգանք կա»,-նշեց ավագանու անդամը՝ հավելելով, որ ավագանու առաջիկա նիստին մասնակցելու է, հրաժարականի մտադրություն էլ չունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ