Արմինե Չ․-ն մի քանի անձանց ստիպել է մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը

Արմինե Չ․-ն հանդիսանալով պաշտոնատար անձ Գորիս համայնքապետարանի ենթակայության ներքո գտվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունենալու հանգամանքով պայմանավորված՝ 2021թ. հունիսի 8-ին զանգահարել և պարտադրել է համայնքային ենթակայությամբ գործող թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին՝ անձամբ և աշխատակիցների հետ մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը։

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ մի խումբ անձինք ոչ բարեհաճ վերաբերմունքին չարժանանալու համար, հարկադրված մասակցել են քարոզչությանը։

Գործը դատարան է ստացվել 2021 թվականի օգոստոսի 10-ին և մակագրվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանին։

Արմինե Չ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով)։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Նշվում է, որ գործը կցվել է մեկ այլ քրեական գործի և հարցը կքննվի մեկ վարույթում և ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ