![]()
Տեւական ժամանակ է՝ Երեւանին մոտ Փարաքար խոշորացված համայնքի բնակչության համար, որոնք օգտվում են հասարակական տրանսպորտից, մեծ դժվարություն է դարձել համայնքից մայրաքաղաք հասնելը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին համայնքի բնակիչներից մի քանիսը:
Ըստ նրանց՝ բանն այն է, որ նախկինում բնակչությունը հնարավորություն ուներ օգտվել մի քանի երթուղայիններից, որոնց երկուսի երթուղին օդանավակայանից Կենտրոն էր: Այժմ շատ հաճախ ստիպված են գտնել այլընտրանքային միջոցներ, փոխել մի քանի երթուղային կամ ստիպված տաքսիով հասնել մայրաքաղաքի այս կամ այն հատվածը:
17, 18, 67 համարները, որոնցից օգտվել է բնակչությունը, դադարեցրել են գործունեությունը: Երեկ էլ հայտնի դարձավ, որ գործունեությունը դադարեցրած 67 համարին փոխարինելու են երկու նոր համարներ, որոնք, սակայն, նախկին ուղեգծով չեն անցնելու, մասնավորապես՝ Փարաքար համայնքը, որը մինչեւ այդ սպասարկում էր 67 համարի գազելը, այժմ դուրս է ուղեգծից:
«Հայկական ժամանակ»-ը Փարաքարում «Դավիթ Մինասյան» դաշինքով ընտրված ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանից հետաքրքրվեց՝ արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են համայնքի տրանսպորտային խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Սարիբեկյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ խնդիրն իսկապես կա, որի լուծման համար ձեռնարկում են քայլեր:
«Համայնքի ղեկավարն արդեն գրությամբ դիմել է ՀՀ տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարին՝ խնդրելով վերանայել 67, 17, 18, 205, համարների երթուղիների վերաբացման, 205 համարի ժամային ինտերվալի հստակեցման եւ երթուղային մեքենաների ավելացման խնդրանքով»,- հայտնեց ավագանու անդամը:
Նրա խոսքով՝ 205 համարի վերաբերյալ հանրության շրջանում որոշակի գանգատներ կան: «Մերձավան համայնքում, որն ընդգրկվել է Փարաքար խոշորացված համայնքի կազմում, այն առավոտյան եւ երեկոյան պիկ ժամերին գերծանրաբեռնված է լինում: Այդ մասով եւս հետամուտ ենք լինելու, որպեսզի խնդիրը կարգավորվի»,- վստահեցրեց Սարիբեկյանը:
Ավագանու անդամը նաեւ ասաց՝ ուզում են հասնել նրան, որ Փարաքարի համար հստակ երթուղի սահմանվի, որպեսզի պատշաճ ապահովվի համայնքի բնակավայրերի կապը Կենտրոնի հետ: «Բնակիչները պետք է ունենան անարգել տրանսպորտային կապ, այդ ուղղությամբ մեր կատարած աշխատանքները շուտով տեսանելի կլինեն»,- հավաստիացրեց նա:
![]()