![]()
64 տարեկան հասակում կյանքից հեռացած արվեստագետ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է շատերի, հատկապես մշակույթի բազմաթիվ գործիչների ու շոու բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնց արտիստական ճանապարհն սկսել է Երգի պետական թատրոնից:
Նրանք սոցիալական ցանցերի իրենց էջերում ցավ ու ափսոսանք են արտահայտում կոմպոզիտորի մահվան կապակցությամբ:
Երգիչ Արսեն Սաֆարյանը գրել է, որ Գրիգորյանը հայր էր թե՛ իր եւ թե՛ շատերի համար, իսկական ուսուցիչ, մի ամբողջ էպոխա, ճաշակ ու թռիչք…: «Արցախի ցավով, քո Շուշիից անհանգիստ գնացիր: Դու բոլորիս Գրիգորիչն ես, դու իմն ես մնալու միշտ: Հոգիդ լույսերի մեջ լինի»,- գրել է Սաֆարյանը:
Երգչուհի Նունե Եսայանը, հրապարակելով Գրիգորյանի հետ լուսանկար, գրել է. «Իմ հայր, իմ ընկեր, իմ եղբայր, իմ պահապան, իմ ուղեկից, իմ խորհրդատու, իմ թանկ Մարդ։ Իմ բոլոր հաջողությունների համար պարտական եմ քեզ։ Ինչո՞ւ գնացիր: Դեռ այնքան անելիք ունեինք միասին։ Սիրում եմ քեզ, իմ Գրիգորիչ»:
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էլ ցավակցելով Գրիգորյանի դստերը՝ Մանե Գրիգորյանին, գրել է. «Մանե ջան, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ, բայց ձեզ կմնա անսպառ կարոտը:
Շատ եմ ցավում: Անհայր ապրելը անհավանական ծանր է… Գրկում եմ պինդ-պինդ»:
Նազենի Հովհաննիսյանը նաեւ գրել է, որ Արթուր Գրիգորյանի մահով փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: «Անփոխարինելի էություն, Ուսուցիչ, մաեստրո, Արթուր Գրիգորիչ ջան… բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ»:
Ափսոսանքի և հրաժեշտի խոսքեր են գրել նաեւ բազմաթիվ այլ երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ Սոֆի Մխեյանը, Սիլվա Հակոբյանը, Արամ Mp3-ը, Արամեն, Արսեն Գրիգորյանը, Էրիկ Կարապետյանը, Զարուի Բաբայանը, Ավետ Բարսեղյանը եւ այլք:
Հայաստանի ազգային ֆիլհարմնոնիկ նվագախմբի պաշտոնական էջում մաեստրո Էդուարդ Թոփչյանի անունից ցավակցական է գրվել, որում ասվում է.
«Մենք անցանք ողջ մի կյանք միասին… Խոր ցավով տեղեկանում ենք, որ մահացել է Հայաստանի ազգային ֆիլհարմնոնիկ նվագախմբի բարեկամ, մեծ երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: Մենք ջերմությամբ ենք հիշում Մաեստրո Գրիգորյանի հետ մեր վերջին համերգը, որը մեզ պարգևեց նրա այնքան թանկ ներկայությունը: Հավերժի ճամփան բռնեց սիրված ու հայրենասեր ընկեր, երաժշտության գիտակ, զգայուն ու տաղանդավոր երաժիշտ-մարդը: Մաեստրո Թոփչյանն ու ՀԱՖՆ ողջ անձնակազմը ցավում է՝ համարելով, որ կորցրել ենք մեր մեծ ընտանիքի անփոխարինելի անդամի»:
Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղում նաև պետական ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավոր կարող Ալեն Սիմոնյանը:
ԿԳՄՍ նախարարությունից էլ հայտնել են, որ Գրիգորյանի մահվան կապակցությամբ կձեւավորվի կառավարական հանձնաժողով: Կոմպոզիտորի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին՝ ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հուղարկավորությունը՝ փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00-ը, նույն վայրից:
Նյութի աղբյուր՝ Հայկական Ժամանակ
![]()