Եվս 7000 ուսանող զեղչի համակարգից կօգտվի. նախագիծը հեղինակել ենք՝ հաշվի առնելով բուհերից եկած ազդակները

Այսօր ՀՀ կառավարությունը ներկայացրեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունը, համաձայն որի՝ այս փոփոխությամբ ևս 7000 ուսանող կկարողանա օգտվել ուսման վարձի զեղչային համակարգից:

Օրենքի նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Գևորգ Պապոյանը և Միքայել Թումասյանը:

Արուսյակ Մանավազյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց, որ 2016 թվականի ապրիլի 1-ին և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների թիվն ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ բուհերն էականորեն ավելի շատ ուսանողների համար են ուսման վճար փոխհատուցում, հետևաբար գերազանցող 10 տոկոսի մասով առաջանում են շահութահարկի և եկամտահարկի լրացուցիչ հարկային պարտավորություններ:

«Մինչ այս՝ գործում էր հետևյալ կարգավորումը. բուհերն ուսանողների մինչև 10 տոկոսի համար կիրառել են ուսման վարձի որոշակի զեղչեր, 10 տոկոսից ավելիի դեպքում էլ կարող էին կիրառել զեղչեր, բայց հարկային պարտավորություններ էին առաջանում բուհերի համար: Հիմա ուսման հաստատությունները կարող են զեղչերի համակարգը կիրառել մինչև 20 տոկոս, և հարկային պարտավորություններ չեն առաջանում: Այսինքն՝ այս փոփոխության արդյունքում ևս 7000 ուսանող զեղչի համակարգից օգտվելու հնարավորություն կունենա՝ առանց բուհերի համար լրացուցիչ հարկային պարտավորությունների: Սրա համար մենք որոշեցինք դիմել օրենսդրական փոփոխության, որպեսզի թույլ տանք մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը Հարկային օրենսգրքով սահմանված՝ բարձրգույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչև 10 տոկոս շեմը դարձնել 25 տոկոս»,- ասաց Մանավազյանը:

Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա 2016 թվականի ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմին մասնակցած, սահմանամերձ շրջաններում բնավող, մեկ տանը մի քանի ուսանող ունեցող ընտանիքներին և բարձր ՄՈԳ ունեցող էլ ավելի շատ ուսանողների տրամադրել ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:

Պատգամավորը նկատեց՝ այս նախագծից կարող են օգտվել բոլոր համալսարանների ուսանողները: Մանավազյանի խոսքով՝ ուսման վարձի պատճառով բարձր ՄՈԳ ունեցող ոչ մի ուսանող չպետք է բուհից դուրս մնա:

Հարցին՝ եթե ուսանողը մասնակցել է պատերազմներից որևէ մեկին կամ սահմանամերձ շրջանում է բնակվում, սակայն այդքան էլ բարձր ՄՈԳ չունի, չի՞ կարող օգտվել ուսման վարձի փոխհատուցումից, պատգամավորն ասաց՝ նախագիծը շատ ճկուն է, և այդպիսի դեպքերի համար բացառություններ կլինեն:

Արդյոք բուհերի ղեկավարների հետ քննարկումներ ունեցե՞լ են նախագիծը կազմելու ընթացքում՝ խնդիրներին ավելի խորքային ծանոթանալու համար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը դրական պատասխան տվեց. «Նախագիծը որոշել ենք հեղինակել հենց բուհերից եկած ազդակները հաշվի առնելով»:

Նշենք, որ Կառավարության կողմից տրամադրվող գումարի չափը կկազմի շուրջ 500 մլն դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ