![]()
Երեւանի կենդանաբանական այգու պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանն անդրադարձել է այգում կենդանիների թունավորման փորձի մասին լուրերին: Մկրտչյանը գրել է, որ երեկ այգու սմբակավորների բաժնում՝ ուղտի և թուրքմենական կուլանների ազատավանդակում՝ ջրավազանի մոտ պարկ են գտել:
«Պարունակությունն ամբողջովին առնետի թույն էր. կենդանաբույժներս տեղում տարբերակեցին: Առնետի թույնը, հավանաբար, փորձել էին լցնել ջրավազանի մեջ, որից ջուր են խմում Այգու միակ ուղտն ու երկու կուլանները: Աշխատակիցների աչալրջության շնորհիվ կարողացանք կանխել մտադրվածը՝ այն է կազմակերպել հերթական կենդանու թունավորումը նոր տնօրինությանը վարկաբեկելու և մեղադրելու համար: Հատկանշական է, որ կենդանի թունավորելու պրակտիկան այգում գործում է դեռ խորհրդային տարիներից, ու նման դեպքերն ի հայտ են գալիս նոր տնօրեն նշանակելու օրվանից»,-գրել է այգու տնօրենի պաշտոնակատարը:
Մկրտչյանը նաեւ հայտնել է, որ իրավապահ մարմիններն եւս տեղյակ են կատարվածի մասին: Նա հավելել է, որ իրավապահ մարմիններին է դիմել՝ քրեական գործ հարուցելու նպատակով:
«Վերջերս Այգու շուրջ տարածվող հերյուրանքները և կազմակերպված ցույցերն էլ էս ամենի շարունակությունն են: Գիտակցում եմ, որ որոշ մարդկանց այլևս զրկել ենք այգու հաշվին ապօրինի եկամուտ ստանալու հնարավորությունից: Կտրել ենք այլևս այդ ապօրինի շղթան, ինչը նյարդային ցնցումների է հանգեցրել որոշ օղակների: Ցավում եմ, ընկերներ, որ ձեր՝ անարդար ու հեշտ փող աշխատելու նպատակին հասնելու համար պատրաստ եք դիմելու ամենաստոր քայլերի՝ վտանգելով անմեղ կենդանիներին: Ցավում եմ նաև, որ կենդանիներին դիտում եք որպես գումար աշխատելու միջոց: Դրա հնարավորություն այլևս չե՛ք ունենալու»,-հավելել է նա:
ՀՀ ոստիկանությունից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ հունվարի 24-ին հաղորդում է ստացվել, որ հունվարի 22-ի ժամը 16: 30-ից մինչև հոնվարի 23-ի ժամը 11:15-ն ընկած ժամանակահատվածում կենդանաբանական այգում, ուղտի եւ կուլանների ազատավանդակներում դրել են կարմիր գույնի կասկածելի հաբեր՝ փորձելով դիտավորությամբ թունավորել նշված կենդանիներին: Նշանակված է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Կատարվածի առնչությամբ իր գնահատականն է տվել նաեւ Երեւանի ավագանու «Լույս խմբակցության ղեկավար, Կենդանաբանական այգու Կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը: «Հայկակական ժամանակ»-ի հետ զրույցում Խաժակյանը հայտնեց, որ այգու շուրջ մշտապես եղել են շահարկումներ, որոնք հաճախ պայմանավորված են եղել տարբեր շահագրգիռ կողմերի վերաբերմունքով։
«Որոշակի վերլուծություններից հետո հանգեցի, որ վերջին իրադարձությունները եւս սուբյեկտիվ բնույթ են կրում, քանի որ լսելով բողոք ներկայացնողների փաստարկները, ակնհայտ է, որ դրանք հիմնված չեն մասնագիտական վերլուծությունների վրա»,-ասաց Խաժակյանը:
Նա նաեւ հայտնեց, որ Կառավարման խորհուրդը մշտապես կապի մեջ է այգու տնօրինության հետ եւ ուրախ է, որ իր ներգրավվածությամբ աջակցում է այնտեղի աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձելուն: «Ցավալի է, որ մարդկային անառողջ փոխհարաբերությունների արդյունքում կարող են տուժել նաև կենդանիները։ Հուսանք մկնդեղի ետ կապված միջադեպը կբացահայտվի եւ այլևս չի կրկնվի»- եզրափակեց նա:
![]()