![]()
Զինվորի՝ Կապանի զորամասերից մեկն ինքնակամ լքելու փաստի առթիվ սկսվել է քննություն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Հիշեցնենք՝ երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանին դաժան ծեծի էին ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները, ինչից հետո վերջինս փախուստի էր դիմել զորամասից:
«Եթե պարզվի, որ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ են մտահոգում վերջին ժամանակահատվածում նման խնդիրները»,- նշեց փոխնախարարը: Նրա խոսքով՝ ամբողջ ՊՆ-ն շահագրգռված է, որ պարզվի իրականությունը:
Հարցին՝ զինվորի գտնվելու վայրից տեղեկություն ունե՞ն, Սարգսյանը դրական պատասխան տվեց:
Անդրադառնալով հունվարի 28-ին Բանակի տոնը չնշելուն՝ Սարգսյանը նկատեց՝ Բանակի օրը կորոնավիրուսի պատճառով ժամանակավոր առկախվել է: Հարցին՝ այն երբ կնշվի՞, փոխնախարարը հստակ պատասխան չտվեց:
Դիտարկմանը, որ հասարակությունը կարծում է, թե ՊՆ-ն չի կարևորում բանակը, դրա համար էլ հանդիսավոր չնշվեց Բանակի օրը, Արման Սարգսյանն արձագանքեց. «Նման բան չի կարելի ասել: Նախապատրաստական աշխատանքներ էին կատարվել, հրավիրատոմսեր էին ուղարկվել, մի շարք միջոցառումներ էին նախատեսվել, որոնք ուղղակի կասեցվեցին»:
Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԳՇ-ն Հունվարի 28-ին որևէ ուղերձ բանակի կազմավորման 30 ամյակի առթիվ չհղեցին, Արման Սարգսյանն ասաց. «Եթե հնարավորություն կլինի ԳՇ պետից կամ այլ պաշտոնյայից հետաքրքրվել, իրենց կարող եք տալ այս հարցը, բայց չեմ կարծում կորոնավիրուսն է պատճառը: Ընդհանուր առմամբ պաշտպանության նախարարի կողմից լրատվություն է տարածվել: Նախարարությունում կոլեգիայի նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում ամփոփովել են նախորդ տարվա կատարված աշխատանքները»:
![]()