![]()
«Ես չէի ուզի, որ Ժուռնալիստների միության համագումարը դառնա լայն հանրության քննարկման առարկա, քանի որ այդ հարցը մեր՝ Ժուռնալիստների միության անդամներին պետք է վերաբերեր վաղուց։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ, ցավոք, վերջին տարիներին բավականին լուրջ խնդիրներ կային Ժուռնալիստների միության կողմից՝ իրենց անդամների հետ աշխատելու։
Կարելի է ասել, մոտ տասը տարի է՝ այդ խնդիրը գոյություն ունի, և դա պայմանավորված է նաև նրանով, որ համագումարի անցկացման իրավական հիմքերը հստակ չէին»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին տեղի էր ունեցել Ժուռնալիստների միության համագումարը, որի ժամանակ 92 կողմ ձայներով Միության նախագահ է դարձել Սաթիկ Սեյրանյանը։
Բորիս Նավասարդյանի խոսքով՝ երբ տեղի ունեցավ 2017 թվականի դեկտեմբերի համագումարը, այն շատ խնդրահարույց էր, որովհետև ակնհայտորեն կազմակերպված էր ոչ թե Ժուռնալիստների միության անդամների կողմից, այլ նախագահի աշխատակազմի ջանքերով։ Նա նշեց, որ այդ տեղեկությունները հստակ են, և բնականաբար, այդ կարգի համագումարն ընդունելի չէր կարող լինել Ժուռնալիստների միության շատ անդամների համար, այդ թվում՝ իր։
«Ես այդ կազմակերպությունը շատ էի կարևորում և իմ անդամակցությունն այդտեղ, բայց, բնականաբար, չէի կարող այդ կարգով կազմակերպվելիք համագումարին մասնակցել, և ինքը՝ համագումարը, ակնհայտորեն լեգիտիմ չէր, որովհետև այդ պահին Ժուռնալիստների միության անդամները ենթադրում եմ՝ մոտ 800 հոգի էին, բայց փաստորեն համագումարին մասնակցեցին ընդամենը 57 հոգի, և դա կարող էր լինել, եթե այդ 57 հոգին լիազորված լիներ մնացածի կողմից, բայց այդպիսի լիազորվածություն, այդպիսի պատվիրակի կարգավիճակ իրենք չէին ստացել։ Ես համարում եմ, որ սկսած այդ համագումարից՝ Ժուռնալիստների միությունը, որպես կազմակերպություն, լեգիտիմ հիմքերի վրա չի գործում, և բնականաբար նաև այս երկրորդ համագումարը 2017 թվականի դեկտեմբերից հետո նույն կարգով է կազմակերպվել»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
Վերջինիս խոսքով՝ թեև հայտարարություն կար, որ համագումարը տեղի է ունենալու, բայց ամեն դեպքում մասնակիցներին որոշելը չէր համապատասխանում ո՛չ ՀՀ օրենսդրությանը, ոչ էլ Ժուռնալիստների միության կանոնադրությանը, այսինքն՝ կա՛մ պիտի հնարավորություն ստեղծվեր, որպեսզի մասնակցեին բոլոր անդամները՝ մի քանի հարյուր, որը հասկանում ենք՝ օբյեկտիվորեն հնարավոր չէր, կա՛մ պետք է պատվիրակելու ինչ-որ մեխանիզմ ստեղծվեր, որպեսզի դա ներկայացուցչական հիմքեր ունենար. դա տեղի չունեցավ։
«Եվ պարզ էր, որ տեղի չի ունենա։ Եվ դա է, կարծում եմ, պատճառը, որ շատ անդամներ չկարողացան մասնակցել համագումարին, մի մասը սկզբունքային պատճառներով՝ ինչպես ես, մի մասը միգուցե տեղյակ չէր և հնարավորություն չուներ տեղական տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով մարդկանց պատվիրակելու։ Բայց ես համարում եմ, որ սկսած 2017 թվականի դեկտեմբերից՝ Ժուռնալիստների միությունը, որպես լեգիտիմ կառույց, գոյություն չունի, և շատ կարևոր կլիներ, եթե Ժուռնալիստների միության անդամները, 2017 թվականի դեկտեմբերի դրությամբ, փորձեն այդ լեգիտիմության խնդրի հարցը լուծել՝ ակտիվորեն մասնակցելով այդ գործընթացին. դա, ցավոք, տեղի չի ունենում»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը մինչև վերջին օրերի մի քանի հրապարակումները չէր ցանկանում ընդհանրապես այդ հարցը հրապարակայնացնել, քանի որ դա ավելի շատ ներքին հարց է, և դրսից լուծելու որևէ մեխանիզմ ընդունելի չի համարում։
Խոսելով նաև այն մասին, թե ինչպես է Սաթիկ Սեյրանյանն արձագանքել Civic.am կայքին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի տված հարցազրույցին՝ վերջինիս հասցեին հեգնական ու վիրավորական բառեր ասելով, Բորիս Նավասարդյանն ասաց, որ իր կարծիքով՝ այդ կարգի փոխհրաձգությունը հաստատ չի օգնելու գործին, որովհետև մեղադրել Ժուռնալիստների միությանը, ասել, որ ինքը ընդդիմադիր ուժերի խոսափողն է դարձել, մյուս կողմից հակառակն ասել, թե այլ կազմակերպությունները իշխանությանն են ծառայում, դրանք անիմաստ և ոչ կառուցողական խոսակցություններ են։
Բորիս Նավասարդյանի խոսքով՝ խնդիրը պետք է լուծվի զուտ Ժուռնալիստների միության կանոնադրության և իրավական հիմքերի վրա, և միայն այդ սկզբունքների շուրջ կարող է լինել այդ Միության բոլոր անդամների համերաշխության հարց, համախմբվածության հարց, այլ ոչ թե քաղաքական խմբակների բաժանվելու միջոցով։
Խոսելով նաև այն մասին, որ Ժուռնալիստների միության որոշ անդամներ զրկվել են Միության անդամ լինելու կարգավիճակից՝ անդամավճար չվճարելու համար, Բորիս Նավասարդյանն ասաց. «Դա էլ որևէ լուրջ հիմքեր չունի, քանի որ ունենալով լեգիտիմության խնդիրներ՝ Ժուռնալիստների միությունն իր այսօրվա վիճակով իրավունք էլ չունի անդամավճար պահանջելու։ Ես, օրինակ, 1983 թվականից կարգապահ վճարող էի, բայց 2107-ից սկսած՝ ես անդամավճար չեմ վճարում, քանի որ չկա այն մարմինը, որը իրավասու եմ համարում անդամավճար հավաքելու։ Եթե վերականգնվի կազմակերպությունն իրավական օրինական հիմքերի վրա, ես բոլոր պարտքերը կտամ, կարծում եմ, որ շատ լրագրողներ նույն մոտեցումը կունենան»,- ասաց Բորիս Նավասարդյանը։
![]()