![]()
ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին: Մինչև Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումը՝ նրա լիազորությունները կատարելու է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ գործող ուժի նախագահի թեկնածուն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է:
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է որոշ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ պարզելու՝ ի՞նչ դիրքորոշում ունեն նրանք Խաչատուրյանի թեկնածության վերաբերյալ:
«Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշեց, որ անձամբ Վահագն Խաչատուրյանին չի ճանաչում:
«Նախագահի պաշտոնը հիմա ունի ավելի շատ նոմինալ դերակատարում, քան ֆունկցիոնալ: Այս դեպքում կարևոր են նախագահի թեկնածուի բարոյական արժեքները: Շատ կարևոր է նաև անձի համբավի, զարգացած ու կրթված լինելու չափը: Պետք է հարգանք վայելող մարդ լինի: Օրինակ՝ Սոս Սարգսյանի կամ Հովհաննես Թումանյանի նման անձ: Խաչատուրյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ կարող եմ ասել, որ նրա ոչ մի վատ բան չեմ տեսել»,- ասաց Շիրինյանը:
Ըստ նրա՝ երկրի նախագահը պետք է լավատեսություն ներշնչի. «Պարտվողական գիտակցությամբ մեկին չպետք է ընտրել: Մենք պետք է այս ճգնաժամից դուրս գանք, ազգային արժեքներով ապրող նորմալ հայ մարդ է մեզ պետք: Նախագահը պետք է լավատեսություն ներշնչի»:
Հարցին՝ ինքը ո՞ւմ կառաջարկեր՝ որպես նախագահի թեկնածուի, Շիրինյանն ասաց, որ չի մտածել այդ ուղղությամբ:
«Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի կարծիքով էլ՝ ճիշտ կլիներ, որ Խաչատուրյանը շարունակեր գործունեությունը տեխնոլոգիաների ոլորտում:
«Ես իրեն չեմ ճանաչում: Կարդացել եմ կենսագրությունը ու հասկացել, որ չունի բանակցություններ վարելու փորձ: Ինձ համար ինքն այս ոլորտում անփորձ է: Ճիշտ կլիներ շարունակեր գործունեությունը տեխնոլոգիաների ոլորտում»,- կարծում է Արզաքանցյանը:
Նրա խոսքով, սակայն, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համարում է, որ Խաչատուրյանը կարող է պիտանի լինել այդ պաշտոնում, հարուստ է գաղափարներով և փորձով, խնդիր չի տեսնում:
Հարցին՝ ինքը ո՞ւմ թեկնածությունը կառաջարկեր նախագահի պաշտոնում, Արզաքանցյանն ասաց, որ հենց իր: «Ինձանից լավ թեկնածո՞ւ: Նախագահության հենց առաջին տարվա ընթացքում ես 2-3 միլիարդ դրամի ներդրում կբերեի երկրին»,- ասաց քաղաքական գործիչը:
Հարցին՝ վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումների ժամանակ այս թեմայի վերաբերյալ խոսե՞լ են, Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ չեն հասցրել:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանն էլ նկատեց՝ բնական եմ համարում, որ ՀՀ նախագահի թեկնածուն հենց Կառավարության անդամներից մեկը պետք է լիներ:
«Կառավարության համար կարևոր է, որ իրենց թեկնածուն ներդաշնակ աշխատի իրենց հետ, չեմ կարծում, թե մտածում են ընդդիմության հետ ներդաշնակ կաշխատի՞, թե՞ ոչ»,- նշեց Սամսոնյանը:
Դիտարկմանը, որ մինչ Խաչատուրյանի թեկնածության հաստատումը՝ մամուլում շրջանառվում էր նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի անունը, հարցին՝ արդյոք Մարուքյանի հետ իշխող ուժն այդպիսի քննարկումներ ունեցե՞լ է, Սամսոնյանը բացասական պատասխան տվեց:
«Մենք որևէ առաջարկ չենք ստացել: Էդմոն Մարուքյանի անունը շրջանառվել է մամուլում: Բնական է, եղել են մարդիկ, որոնք դիտարկել են Մարուքյանին որպես նախագահի պոտենցիալ թեկնածուի, բայց որևէ առաջարկ նա չի ստացել, հետևաբար քննարկում էլ չենք ունեցել այս թեմայով»,- եզրափակեց նա:
Նյութի աղբյուր՝ Հայկական Ժամանակ
![]()