Ապատեղեկատվություն, ռումբի մասին կեղծ ահազանգ. Նժդեհի մասին ֆլիմի ցուցադրումը խոչընդոտող ադրբեջանցիների անհաջող փորձերը

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Ռուսաստանի հայերի միությունը կազմակերպել էր Գարեգին Նժդեհի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, որին նախորդել ու հաջորդել են բավականին ուշագրավ իրադարձություններ:

Ռուսաստանի հայերի միությունը նախօրոք հայտարարել էր հայ պետական եւ ռազմական գործչի մասին պատմող ֆիլմի ցուցադրման մասին, ինչն էլ ադրբեջանական որոշ շրջանակների մոտ հերթական իրարանցման պատճառն էր դարձել:

Ռուսաստանի հայերի միության նախագահի լիիրավ ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ ֆիլմի ցուցադրումից առաջ եւ հենց այդ օրն ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները լծված են եղել նախաձեռնությունը քարկոծելու եւ Նժդեհին որպես ֆաշիստ ներկայացնելու գործին: Նրանց կայքերը ողողված են եղել ֆիլմի ցուցադրումն անթույլատրելի համարող հոդվածներով ու կեղծ մեջբերումներով:

Վարդանյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձել է խոչընդոտել ֆիլմի ցուցադրմանը, սակայն տեսնելով, որ որեւէ արդյունքի չեն հասնում՝ կեղծ ահազանգով դիմել են ՌԴ ոստիկանություն՝ ասելով, թե իբր ՌԴ հայերի միության շենքում ռումբ է տեղադրված:

«Ֆիլմի բարեհաջող ցուցադրումն ավարտվելուն պես ՌԴ ոստիկանությունը շներով ու համապատասխան գործիքներով ներխուժեց միության շենք: Ներկայացան, որ անհայտ անձի կողմից ահազանգ են ստացել: Ներկաներին տարհանեցին արագ, ստուգեցին տարածքը, բնականաբար, ոչինչ չհայտնաբերեցին: Համոզվելով, որ ահազանգը կեղծ է եղել՝ կազմեցին արձանագրություն ու հեռացան»,- պատմեց Վարդանյանը:

Արտյոմ Վարդանյանը նաեւ հայտնեց, որ անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է անդրադարձել այդ ֆիլմի ցուցադրմանը՝ հայտարարելով՝ «ՌԴ-ում հայերի միությունը գովազդում է ֆաշիստական գաղափարխոսությամբ օժտված գործչի»:

Վարդանյանը նաեւ ցավով փաստեց, որ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով ադրբեջանական կեղծ լրատվությանը, նշել էին, թե իբր ֆիլմը չի ցուցադրվել, խոչընդոտվել է:

«Այսօր մեր երկրում որոշ լրատվամիջոցներ կիսում են Ալիեւի մտահոգությունները, նրա կարծիքը: Շատ ցավալի է, որ մեր լրատվականները հղում են անում այդ երկրի նախագահին, այդ երկրի լրատվականին եւ նրանց տարածած ապատեղեկատվությունը բերում մեր լրատվական դաշտ: Ես երբեւէ չեմ տեսել, որ ադրբեջանական որեւէ լրատվական հղում անի հայկական լրատվականի, որը հայանպաստ որեւէ հայտարարություն է արել»,- ասաց նա:

Վարդանյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք հայ-ադրբեջանական պատերազմից հետո եղե՞լ են նմանատիպ այլ դեպքեր, երբ ադրբեջանական որոշ շրջանակներ փորձել են արհեստական խոչընդոտներ ստեղծել որեւէ մշակութային կամ այլ միջոցառման անցկացման ժամանակ: Հայերի միության ներկայացուցիչը հայտնեց, որ նման փորձեր նրանք գրեթե միշտ են անում, ինչը, սակայն, ճնշվում է, ու կարճ ժամանակ անց ադրբեջանական կողմի ակտիվությունը՝ մարում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ