«Նա սկզբունքային ու պայքարող տեսակ է, վստահաբար, առաց լուրջ հիմքերի երբեք իր տեսակետները չի փոխում». գործընկերները՝ Վահագն Խաչատուրյանի մասին

Ես Վահագն Խաչատուրյանին կբնորոշեմ որպես իմ ավագ ընկեր, որպես բացառիկ ազնվության տեր մարդ, ով առաջնորդվել է իր խղճով, սրտով ու ազնիվ մղումներով, շատ ընկերասեր, հոգատար, «հարեհաս» մարդ է, ով ցանկացած պահի պատրաստ է օգնության հասնել: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը:

«Ես պարոն Խաչատուրյանին ճանաչում եմ արդեն մոտավորապես 20 տարի, շփումներ ունեցել ենք և որպես մարդ, և որպես մասնագետ, միասին բազմաթիվ անգամներ մասնակցել ենք կոնֆերանսների, գիտաժողովների, մենք և անձնական, և մասնագիտական շփումներ ենք ունեցել:

Մեր բազմաթիվ շփումները ինձ բերել են այն համոզմունքին, որ նա հանարապետության լավագույն տնտեսագետներից է, երկրի տնտեսական համակարգը, առաջնահերթությունները շատ լավ է պատկերացնում: Ավելին, ես իր թեկնածուական ատենախոսության ընդդիմախոսն եմ եղել և, կարող եմ ասել, որ բավական բարձրակարգ ատենախոսություն էր գրել , որը վերաբերում էր ջրային ռեսուրսների կառավարմանը և հանքարդյունաբերության ոլորտին: Այսինքն, 2 արմատական նշանակության ոլորտների մասին էր գրել պարոն Խաչատրյանը և բավականին բարձրակարգ ու արժեքավոր հետազոտություն էր կատարել»:

Անդրադառնալով նրա քաղաքական գործունեությանը՝ Հախվերդյանն ասաց, որ ինքը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ և քաղաքական գնահատականներ չի հնչեցնում, թեև երկրում առկա քաղաքական գոծընթացներին հետևում է: «Ամեն դեպքում՝ Խաչատուրյանին կբնորոշեմ որպես հավասարակշռված և իր քաղաքական գիծը իմացող անձի՝ անկախ նրանից, թե ես կիսում եմ իր տեսակետներն ու համոզմունքները, թե ոչ»:

Անդրադառնալով Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում նրա աշխատանքին՝ Հախվերդյանն ասաց, որ այդ տարիներին ինքը ուսանող է եղել և նրա ղեկավարման տարիներն առանձնապես չի հիշում: «Բայց հետագայում՝ իր պաշտոնավարումից մոտավորապես 15 տարի անց ես աշխատել եմ Երևանի քաղաքապետարանում և պետք է ասեմ, որ հին մարդիկ, ովքեր աշխատել էին քաղաքապետարանում պարոն Խաչատուրյանի հետ՝ ակնհայտ ջերմությամբ էին հիշում իր հետ աշխատած տարիները»:

Հախվերդյանը նաև հույս հայտնեց, որ հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Վահագն Խաչատուրյանը, ով այս պահին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է նաև, նոր մակարդակի կբարձրացնի համալսարանի և պետական մարմինների համատես աշխատանքը, որակապես նոր մակարդակի կբարձրացնա նաև համալսարանի հետազոտական գործունեությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետությանը: «Միաժամանակ, երկրորդը ՝ ակնկալում եմ և մեծ հույսեր ունեմ, որ նրա աշխատանքի արդյունքում առավել ակտիվ կաշխատի հակակշիռների մեխանիզմը և նախագական ինստիտուտը հնարավորինս կսկսի արդյունավետ գործել՝ ի շահ մեր երկրի»:

«Առաքելություն» կուսակցության նախկին ղեկավար Մանուկ Սուքիասյանը, ով Վագահն Խաչատուրյանի հետ ներգրավված է եղել «Այլընտրանք» նախաձեռնությունում պատմեց, որ պարոն Խաչատուրյանի հետ ծանոթացել է 2006-2007 թթ: «Նրա հետ համատեղ քաղաքական ճանապարհ ենք անցել, որին ես հարգանքով եմ վերաբերվում: Պարոն Խաչատուրյանը բանիմաց և զարգացած անձնավորություն է, շատ լավ տնտեսագետ, հետազոտող մարդ, ով լայն մտահորիզոն ունի: Բայց եթե անկեղծ, նախագահի թեկնածու առաջադրվելու հեռանկարներն ինձ փոքր ինչ զարմացնում են, քանի որ Սահմանադրությամբ չնչին լիազորություններ է վերապահված նախագահին: Նման լիազորություններով այդ պաշտոնին առաջադրվելու համար համաձայնելը ինձ մոտ տարակուսանք է առաջացնում, հույս ունեմ, որ առաջիկայում պարոն Խաչատուրյանը պարզաբանումներ կտա, թե ինչն է իրան գրավել և ինչպիսի գործունեություն է նա պատկերացնում իր համար»:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, ով նույնպես ներգրավված է եղել «Այլընտրանք» նախաձենության մեջ՝ նշեց, որ Վահագն Խաչատուրյանի հետ երկար ընդդիմադիր քաղաքական գործունեություն է ծավալել՝ դեռ 1998 թ-ից սկսած: «Մեր համատեղ քաղաքական ճանապարհը շարունակվել է մինչև 2013 թ-ը: 2013 թ-ին, երբ ձևավորվեց ՀԱԿ-ը՝ իմ ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիքը» և ՀԱԿ-ը հակընդդեմ քաղաքական ուժեր դարձան, բայց մինչ այդ՝ մենք եղել ենք գործընկերներ, կարող եմ ասել՝ նաև ընկերներ: Մոտ 15 տարի համագործակցել եմ Վահագն Խաչատուրյանի հետ, տարբեր ինտենսիվությամբ մասնակցել ենք քաղաքական տարբեր գործընթացների, մասնակցել ենք 2000 թ-ին «Հանուն Հանրապետության» շարժմանը, որը Մեղրիի հնարավոր փոխանակման դեմ էր պայքարւոմ, ապա 2008 թ-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ենք քաղաքական ճանապարհ անցել: Ես այդ ողջ ընթացքում նրա գործունեությունը դրական եմ գնահատում: Նա սկզբունքային ու պայքարող տեսակ է և, վստահաբար կարող եմ ասել, որ առաց լուրջ հիմքերի երբեք իր տեսակները չէր փոխում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ