![]()
Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հետ։
ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ նախագահի պաշտոնում քննարկվել է նաև իր թեկնածությունը, սակայն ինքն ինքնաբացարկ է հայտնել:
Սիմոնյանի խոսքով՝ նման քայլի պատճառները շատ են:
«Համարում եմ, որ Ազգային ժողովում աշխատանքը բավականին լավ եմ կատարում, համարում եմ, որ պատասխանատու աշխատանք եմ կատարում: Շատ-շատ պատճառներ կան, գուցե նաև ես այն ճանապարհը դեռ չեմ անցել, որ պարոն Խաչատուրյանն է անցել: Երկրին պետք է պատասխանատու ձևով մոտենալ, և այդ պատասխանատվության զգացումը շատ բարձր է: Դա նույնպես դեր խաղաց իմ որոշման հարցում»,- ասաց Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց, որ Խաչատուրյանից բացի այլ արժանի թեկնածուներ ևս եղել են:
«Նաև կին թեկնածու է եղել: Թե ով է՝ չեմ ասի»,- ասաց նա:
![]()