![]()
Օրերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկեց և քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով բանաձևի նախագիծը: Փաստաթղթի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող Բորիանա Աբերգը:
Պատգամավորները նախագծին կից զեկույցում անդրադարձել են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումներին՝ ողջունելով թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ժողովրդավարական առաջընթացը:
Նշվում է, որ Հայաստանում 2018-ի դեկտեմբերին և 2021-ի հունիսին կայացած համապետական ընտրությունները եղել են ժողովրդավարական, և դրանց ընթացքում չեն գրանցվել նախորդ ընտրություններում արձանագրված ընտրախախտումները:
Զեկույցում բարձր են գնահատվում նաև դատական և ընտրական ոլորտի բարեփոխումները և առանձնացվում մի շարք առաջարկներ՝ արդյունքների ամրապնդման համար: Անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: ԵԽԽՎ-ն փաստաթղթում կոչ է անում հասնել հակամարտության արդար և կայուն հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները:
ԵԽԽՎ բանաձևն ընդունվել է 50 կողմ, 14 դեմ և 16 ձեռնպահ ձայներով: Հայանպաստ փաստաթղթին, ինչպես սպասելի էր, դեմ են քվեարկել թուրք և ադրբեջանցի պատգամավորները: Դեմ քվեարկողների թվում են եղել նաև մեկ հոլանդացի պատվիրակ և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Վերջինս, մեկնաբանելով իր այդ քայլը, ասել է, որ ինքն ունակ չէ քվեարկել կողմ այնպիսի մի զեկույցի, որտեղ բացահայտ սուտ է ներկայացվում:
«Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում ոտնահարվում է ժողովրդավարությունը, ու պատրաստ եմ ևս 100 անգամ դեմ քվեարկել այդ կեղծ զեկույցին»,- նշել է Մամիջանյանը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Բանաձևին՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այն դրական գնահատեց: «Բանաձևում կային դիտողություններ մեր նկատմամբ, միայն դրականը չէր, սակայն ընդհանուր առմամբ վատը չէ: Այո՛, գնահատվել է, որ մեզ մոտ ժողովրդավարության առումով դրական զարգացումներ կան»,- նկատում է Գրիգորյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ԵԽԽՎ-ի «խաղի կանոններն են» այդպիսին՝ բոլոր պատվիրակությունների մեջ պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչներ. «Հայկ Մամիջանյանն էլ ընդդիմադիր գործիչ է, և ինքն է որոշում, թե ինչպես քվեարկել: Ես չեմ մեկնաբանի նրա քայլը: Ինձ դուր է գալիս փաստաթուղթը, ինքն էլ կարող է չհավանել»:
Անդրադառնալով զեկույցի ազդեցությանը Հայաստանի վրա՝ Ստեփան Գրիգորյանն ասում է՝ այն ունի կոնկրետ արդիական նշանակություն:
«Այո՛, կան մի շարք խնդիրներ երկրում, սակայն ԵԽԽՎ-ն դրական է գնահատում տեղի ունեցող փոփոխությունները: Դա նշանակում է՝ Եվրամիությունը ֆինանսապես մեզ ավելի շատ կաջակցի, տրամադրվածությունը մեր նկատմամբ կփոխի: Լրջագույն դրական ազդեցություն կունենա քաղաքական հարցերի վրա, օրինակ՝ գերիների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի հարցերի և այլն»,- կարծում է քաղաքագետը՝ ավելացնելով՝ ԵԽԽՎ-ում նկատել են, որ մեզ մոտ ժողովրդավարություն կա, ինչն Ադրբեջանի դեպքում չեն տեսնում:
Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Բանաձևը կնպաստի նաև, որ վերականգնվեն ԵԱՀԿ մինսկի խմբի աշխատանքները՝ կապված Արցախի հետ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծում է՝ Մամիջանյանի՝ Բանաձևի ընդունմանը դեմ քվեարկելն իր համար անակնկալ չէր: «Իրենք սկզբունք ունեն որդեգրած՝ որքան վատ, այդքան լավ: Ցանկացած դրական փոփոխության մեր երկրում ուրիշները կգնահատեն, սակայն նրանք՝ ոչ: Հետևաբար, որպես այդ քայլի «արդարացում և հիմնավորում», պետք է ասեն, թե՝ հայանպաստ չէ»,- կարծում է պատգամավորը:
Տիգրանյանի խոսքով՝ պետք է առնվազն կույր լինել՝ չտեսնելու համար՝ ինչ բարեփոխումներ են տեղի ունենում ՀՀ-ում:
«Չեն տեսնում միջազգային կազմակերպությունների զեկույցները, կոռուպցիայի դեմ պայքարը: Հայկ Մամիջանյանի այս քայլն ուղղված է ընդդեմ պետականության, ոչ թե իշխանության, ինչպես իրենք են նշում: Սա նշանակում է չուրախանալ սեփական երկրի հաջողություններով՝ ոտնահարելով ամեն արժեք»,- եզրափակում է պատգամավորը:
Նյութի աղբյուր՝ Հայկական ժամանակ
![]()