![]()
Ինչպես գիտեք, Երևանի կենդանաբանական այգին համայնքային հիմնարկ է, և ես՝ որպես ավագանու անդամ, ընդգրկված եմ այգու կառավարման խորհրդում։ Խորհրդի ստեղծումից ի վեր ավելի մեծ ուշադրություն եմ դարձրել այգու խնդիրներին՝ իրավիճակին ծանոթանալով ոչ միայն հրապարակային նյութերից, այլև այգու փաստացի վիճակից:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրառմամբ անդրադարձել է վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգում կենդանիների անկմանն ու այսօր տեղի ունեցած բողոքի ցույցին:
«Վերջին շրջանում հրապարակումներ եղան այն մասին, որ կենդանիների անկումներ են գրանցվել: Այդ մասին եղավ պաշտոնական պարզաբանում, որ տարածված թվերը ընդգրկում էին բավականին երկար ժամանակաշրջանի անկումներ։ Այն անկումները, որոնք գուցե մարդկային գործոնի հետևանք են, գտնվում են տնօրինության և կառավարման խորհրդի ուշադրության կենտրոնում:
Այսօր կենդանաբանական այգու դիմաց բողոքով էին հանդես գալիս այգու նախկին աշխատակիցներ։ Անկեղծ ասած՝ ինձ համար այդպես էլ պարզ չդարձավ, թե ո՞րն էր բուն բողոքը կամ պահանջը։ Տպավորություն էր, թե այն ուղղորդված է աշխատանքից ազատված այգու նախկին պաշտոնյաներից մեկի կողմից։ Այն որ այգու տնօրենը պետք է լինի լավ կառավարիչ և կարող է կենդանաբանական մասնագիտություն չունենալ, դա ակնհայտ է»,-գրել է Խաժակյանը:
Նա նաեւ նշել է, որ որ տնօրինության ամբողջ կազմին դեռևս ծանոթ չէ, սակայն տեսնում է, որ լցված են այգին բարեփոխելու եռանդով: «Այս մասին հայտարարություն տարածեց նաև այգու Կառավարման խորհուրդը, որտեղ ընդգրկված են անվանի մասնագետներ։ Համոզված եմ՝ առանց անձնավորված շահարկումների այգին առաջիկայում կլուծի իր առջև ծառացած խնդիրները»,- հավելել է Խաժակյանը:
![]()