Ինչու են սատկել Երևանի կենդանաբանական այգու թռչունները. պարզաբանում

Երևանի կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Այս մասին ասված է Երևանի կենդանաբանական այգու տարածած պարզաբանման մեջ։

Այգու պատասխանատուները վստահեցնում են, որ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե կենդանիները սովից են անկում, կապ չունեն իրականության հետ։

«Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել` բացառությամբ 2 սպիտակագլուխ և սև անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Վերջնական եզրակացության համար կենդանիների նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն:

«Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով` չստուգված, իրականությանն անհամապատասխան տեղեկություններ տարածելուց»,-նշում են կենդանաբանական այգուց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ