![]()
Հունվարի 17-ին Գյումրու Բուլվարային թաղամասի Գործարանային 2 Ա շենքից կեսգիշերին հոսպիտալացված կինը տեղափոխվել է Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ կինը հոսպիտալացվել էր «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի ահազանգով նշված հասցե այցելած Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի արձագանքից հետո:
«Կինը հոսպիտալացվել էր ստորին վերջույթների ցրտահարությունով, գանգրենայով և հենց ընդունման գիշերն էլ տեղափոխվել Երևան: Անհետաձգելի մասնագիտական օգնության կարիք ուներ: Այլ հիվանդություններ ևս կային»,- ասաց Արմեն Խաչատրյանը:
Նրա առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը: Ըստ նրա՝ 45-ամյա գյումրեցի կնոջ մոտ առկա է ցրտահարության հետևանքով առաջացած ստորին վերջույթի մատների վերք՝ քայքայման վիճակով:
«Այս պահին նա բժիշկների հսկողության ներքո է: Գանգրենա է սկսվել, սակայն ամպուտացման համար դեռ պետք է դեմարկացիոն շրջանն անցնի, որպեսզի հստակ սահմանազատվի մեռած ու առողջ հյուսվածքների հստակ սահմանագիծը՝ հասկանալու համար՝ ինչ մակարդակում պետք է ամպուտացումը կատարվի»,- ասաց Ասլանյանը:
Հավանաբար մատների ամպուտացիա կկատարվի: Դեռ մեկ ամիս կինը կմնա Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Արյան հետ կապված խնդիրը կարգավորվել է Յոլյանի անվան այրունաբանական կենտրոնի միջոցով, անհրաժեշտ թանկարժեք դեղորայքներ է տրամադրել «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Կնոջ սննդի հարցը լուծել է Այրվածքաբանության ազգային կենտրոնը:
45-ամյա կինը Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից պարբերաբար որոշակի աջակցություն ստացել է: Նրան նաև առաջարկվել է որևէ մասնագիտացում ստանալ, օրինակ՝ վարսավիրություն սովորել, աշխատանք ունենալ, սակայն րաժարվել է:
Այս պահին Շիրակի մարզպետարանը կենտրոնացած է կնոջ առողջական խնդրի կարգավորման վրա: Հընթացս քննարկվում է նրա հետագա կեցության հարցը:
Կինն ամուսին և երեխաներ ունի, սակայն ծայրահեղ աղքատության ճիրաններում գոյատևում է միայնակ այն հասցեում, որտեղից հոսպիտալացվել էր: Նա նաև ունի քույրեր ու եղբայրներ:
![]()