Հայաստանն ու Թուրքիան Մոսկվայում հանդիպմանը պայմանավորվել են ապաքաղաքականացված երկխոսության շուրջ. ՌԴ ԱԳՆ

Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ուրբաթ օրը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո պայմանավորվել են երկխոսություն վարել կառուցողական և ապաքաղաքականացված՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Կողմերը ցույց տվեցին իրենց պատրաստակամությունը երկխոսություն վարելու կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով, բաց և կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ «փոքր քայլերով» անցնելով պարզից բարդի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ընդհանուր հայտարարի որոնումը, որը հիմք կծառայի ի շահ երկու երկրների ժողովուրդների և ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման», — ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հանդիպումը կայացել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի միջնորդությամբ։

Ավելի վաղ ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մեծ մամուլի ասուլիսում ասել էր, որ Մոսկվան ողջունում է կողմերի առաջին հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում։

«Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը, հուսով եմ, որ այն հաջող կլինի»,- ընդգծել էր նա։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։

Հիշեցնենք, Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են մասնավորապես Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանն Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Թուրքիայի սուր արձագանքին։

Հիշեցնենք, կողմերը պայմանավորվել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն սկսելու մասին: Երեկ հայտնի դարձավ, որ ձեռք բերված թույլտվության համաձայն, «Flyone Armenia» ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ