![]()
Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը թատրոնի շենքը «կորցնելուց» հետո առանց աշխատանքի չի մնացել: Կամերայինցիները հրավերներ ու առաջարկներ են ստացել Երեւանի մի քանի թատրոններից:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամսոն Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքը և ևս 9 դերասան աշխատանքի են անցել Հակոբ Պարոնյան թատրոնում, 5 հոգի էլ՝ 4 դերասան, 1 բեմի մեքենավար՝ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, 4 հոգի էլ՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում: Համազգայինի տնօրեն Արման Նավասարդյանն ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարարությունից 30 հաստիք է ուզել, որից, սակայն, միայն 3-ն են դերասանի, հիմնական մասը տեխնիկական են:
Կամերայինի դերասաններից մի հոգի էլ աշխատանքի է անցել Խամաճիկների պետական թատրոնում:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ՝ Կամերային երաժշտական թատրոնի շենքը հատկացվեց Պետական սիմֆոնիկ նվագախմբին: Նույն որոշման հիման վրա էլ՝ Կամերային երաժշտական թատրոնը միացման ձեւով վերակազմակերպվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ: Թատրոնի դերասաններին նաեւ ասվել էր՝ եթե ցանկություն ունեն Պարոնյան թատրոնից բացի այլ թատրոններ գնալ եւ առաջարկներ են ստացել, հանգիստ կարող են տեղափոխվել:
Կամերայինի տեխնիկական կազմից մի քանի աշխատողներ մնալու են շենքում, որպեսզի հետագայում Սիմֆոնիկ նվագախմբի հետ այդտեղ աշխատեն:
![]()