![]()
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահները պահպանում են Ալմաթիի քաղաքային «Աքսայ» հացի գործարանն ու «Բարեկամություն» ջրանցքը: Այս մասսին գրում է ՏԱՍՍ-ը։
«Աքսայը» Ղազախստանի Հանրապետությունում հաց արտադրող ամենախոշոր ձեռնարկություններից է, որն ունի ավելի քան 1000 աշխատակից և օրական ավելի քան 150 տոննա հաց է արտադրում:
Հիշեցնենք՝ այս տարվա առաջին օրերը խիստ լարված ու ոչ բարենպաստ են մեկնարկել Ղազախստանի կառավարության անդամների, նախագահի ու երկրի բնակչության համար, քանի որ հեղուկ գազի գնի գրեթե կրկնակի բարձրացումից հետո սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկզբում ուղեկցվել են անկարգություններով և ծեծկռտուքներով, այնուհետև՝ վերածվել զինված բախումների:
ՀՀ կառավարության հունվարի 6-ի որոշմամբ՝ թույլատրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը մասնակցել Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:
ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն է գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (100 զինծառայող)։
Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:
![]()