![]()
NEWS.am-ի տեղեկություններով, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր՝ հունվարի 11–ին, դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից։
Նա ստենտավորվել է։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ նախօրեին սրտի նոպայով հոսպիտալացվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Վիտալի Բալասանյանի քաղաքական գործունեությունը սկսվում է դեռևս 1991 թվականին, երբ նա ընտրվում է Արցախի առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Այնուհետև երկու անգամ ևս Բալասանյանը պատգամավորի մանդատ է զբաղեցրել Արցախի օրենսդիր մարմնում։
2005 թվականի խորհրդարանական ընտրություններում «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, եղել պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2010 թվականին պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով։
2010-2012 թվականներին հանդիսանում էր «Դաշնակցություն» խմբակցության անդամ։ 2007-2010 թվականներին եղել է նաև ԼՂՀ նախագահի խորհրդական։ 2012 թվականի ապրիլի 28-ին Վիտալի Բալասանյանն իր թեկնածությունն է առաջադրել ԼՂՀ նախագահի ընտրություններում։ 2012 թվականից ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր է։
![]()