![]()
Երեկ՝ հունվարի 6-ին, լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մանվել Մանուչարյանի եղբայրը՝ Էմանուել Մանուչարյանը:
51 սմ հասակով, 3,7 կգ քաշով փոքրիկ Էմանուելն առողջ ու ժիր բալիկ է: Մայրը՝ Լիլիա Ներսիսյանը, ասում է՝ հղիության 9 ամիսներին լացելով ու նեղվելով է ապրել, բայց երեխան կարծես իրեն խղճալով շատ խելոք ու հանգիստ է: «Չէի պատկերացնում, որ այսքան խելոք ու սիրուն բալիկ կլինի, իր ավագ եղբորն էլ շատ նման է»,- ասում է մայրը: Նահատակված Մանվելը երկնագույն աչքեր է ունեցել, մայրը նկատում է՝ նորածին տղայի աչքերի գույնն էլ է բաց, բայց վստահ չէ, թե հենց այն կապույտ է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լիլիան պատմեց՝ որդու հուղարկավորությունից մի քանի ամիս անց ամուսնու հետ որոշել են, որ պիտի Մանվել ունենան: Մայրն ասում է՝ որոշել էին Մանվելի անունը դնել, սակայն քանի որ երեխան ծնվել է Սուրբծննդյան տոնին, նրան Էմանուել են կոչել: «Էմանուել նշանակում է երկնային արքայություն: Այդպես ենք կոչել իր եղբոր ու նահատակված տղաների պատվին, որոնք հիմա երկնքում են»,- արցունքները մաքրելով՝ նշում է նա: Ասում է՝ չնայած վստահ գիտի, որ Էմանուելն իր ավագ որդու տեղը երբեք չի լրացնի, սակայն լույս ու հույս է բերել իրենց ընտանիք:
Մանուչարյանների ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: Մանվելը տան ավագ որդին էր, իրենց 2 տարի փոքր մեկ եղբայր էլ ունի:
19-ամյա Մանվել Մանուչարյանը 1,5 տարվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է: Նա զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին: Ծառայել է Հադրութում (Արցախ): Մանվելը դիրքերում է եղել, այդ օրը նրա հերթափոխության օրն է եղել, սակայն այդպես էլ չի հասցրել դիրքերից իջնել: 8 ժամ անընդմեջ թշնամու դեմ կռիվ տալուց հետո ընկել է տանկի հարվածից:
«Իմ Մանվելի պես բարի ու կամեցող մարդ ես չեմ ճանաչում: Հազար ու մի նպատակ ուներ: Բայց երբ սեպտեմբերի 26-ին զանգեց, ասաց՝ մամ ջան, երկար խոսիր, կարող է էլ ձայնս չլսես»,- հիշում է մայրն ու հավելում՝ որդու հետ վերջին անգամ զրուցել է սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:50 րոպեին:
Տիկին Լիլիան ընդգծում է՝ տարի ու կես ծառայության ընթացքում ոչ մի անգամ որդին տնից ոչինչ չի խնդրել՝ ո՛չ գումար, ո՛չ հագուստ. «Ասում էր՝ մամ ջան, ամեն ինչ նորմալ է: 5000 դրամ գումար էի ուղարկել… զինգրքույկի միջից գտանք, երբ հողի տակից հանել էին որդուս ու իր իրերը»:
Մանվել Մանուչարյանի մարմինը գտնվել է հրադադարից հետո: Մոր խոսքով՝ միայն մասունքներն են եղել, հագուստի ու զինգրքույկի միջոցով են ճանաչել որդուն. «Ընկերն է դիրքի տեղն ասել, գնացել, քանդել, հողի տակից գտել ենք երեխուս»:
Շարքային Մանվել Արսենի Մանուչարյանը հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով:
![]()