«Հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները, փակ սահմանը ՀՀ ազգային անվտանգության համար ստեղծում են սպառնալիքներ և խոչընդոտում կայուն զարգացմանը». Ռ. Քոչարյանի 2007-ի հրամանագիրը

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը թեև դեռ սաղմնային փուլում է, սակայն երկուստեք՝ թե՛ ՀՀ-ի, թե՛ Թուրքիայի կողմից, նկատելի են որոշակի դրական ազդակներ (առայժմ միայն հայտարարությունների մակարդակով), որոնք վկայում են կողմերի՝ հարաբերությունները կարգավորելու շահագրգռության մասին։ Դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու հարևան պետությունների՝ երկխոսություն սկսելու առաջին քայլերից էր բանագնացների նշանակումը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ կայացած հեռախոսազրույցում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի նշանակումը։ Օրերս էլ թուրքական Hurriyet օրաթերթը գրեց, որ Մ. Չավուշօղլուն, արտահայտվելով ՀՀ-ի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի մասին, նրան բնութագրել է որպես «բարի նպատակներ ունեցող անձնավորություն, որը լավ գիտելիքներ ունի Թուրքիայի մասին»։ Փաստ է, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելը մշտապես եղել է ՀՀ բոլոր իշխանությունների օրակարգում։ Պաշտոնական Երևանը, հիշեցնենք, այս անգամ էլ հայտարարել է, որ պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ երկխոսություն սկսել առանց նախապայմանների՝ նույնպիսի մոտեցում ակնկալելով Թուրքիայից։ Սա թույլ կտա քննարկել Անկարայի կողմից միակողմանի փակված սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը։ Ակնկալվում է, որ հունվարի կեսերին Մոսկվայում տեղի կունենա բանագնացների առաջին հանդիպումը։

Մինչ այդ նկատենք, որ հայ-թուրքական գործընթացի հնարավոր ելքերի մասին փորձագիտական համայնքն ու հանրությունը ոչ միանշանակ են արձագանքում։ Ոմանք արդեն իսկ գուժում են գործընթացի տապալման մասին՝ պնդելով, թե Թուրքիան, չնայած հայտարարվել է առանց նախապայմանների գործընթաց սկսելու պատրաստակամության մասին, այսուհանդերձ ՀՀ-ի համար անընդունելի նախապայմաններ է առաջ քաշելու՝ այսպիսով վիժեցնելով գործընթացը։ Այս ամենին զուգահեռ՝ մեղադրանքներ են հնչում նաև գործող իշխանության հասցեին, որոնցից հիմնականը այս երկուսն են՝ Փաշինյանի կառավարությունը պարտվել է Արցախյան 44-օրյա պատերազմում, «կապիտուլյանտ» է և թույլ, ուստի չի կարող ուժեղի դիրքերից ներկայացնել ՀՀ-ի շահերը, երկրորդ՝ գործող կառավարությունը, գործընթացի մեջ մտնելով, ուրանում է Հայոց ցեղասպանությունը՝ հրաժարվելով դրա միջազգային ճանաչումից։
Մինչ հիշյալ մեղադրանքներին անդրադառնալը՝ արձանագրենք, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարները՝ ի դեմս իշխող ուժի և խորհրդարանական ընդդիմության, կողմ են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը, երկխոսություն սկսելուն, բաց սահմաններին, կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Այսինքն՝ հարցերի շուրջ, կարելի է ասել, առկա է համախոհություն։

«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում, օրինակ, մասնավորապես կարդում ենք. «Մենք հանդես ենք գալիս հավասարակշիռ և հետևողական արտաքին քաղաքականության, արդյունավետ տարածաշրջանային համագործակցության և բոլոր հարևանների հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատման և զարգացման օգտին։ Կողմ լինելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կոմունիկացիաների ու բաց սահմանների գաղափարին՝ հաստատակամ ենք դաշնակիցների հետ գտնել խելամիտ և փոխշահավետ լուծումներ՝ դրանք բխեցնելով մեր ազգային պետական շահից։ …Ընդունելու ենք Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը, հետապնդելու ենք Հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների իրականացումը՝ որպես նոր ցեղասպանությունների կանխարգելման նախապայման, որպես սերունդների անվտանգության երաշխիք և տարածաշրջանում երկարաժամկետ և արժանապատիվ խաղաղության գրավական»։ Ու թեև ծրագիրը շարադրողները միտումնավոր խուսանավել են «Թուրքիա» տեղանվան գործածումից և կոնկրետ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին որևէ հիշատակումից, սակայն պարզից էլ պարզ է, որ բոլոր «հարևաններ» ասվածի տակ նկատի է առնվում նաև Թուրքիան, քանի որ Թուրքիայի աշխարհագրական դիրքը, որքան մեզ հայտնի է, մինչ այս պահը չի փոխվել, և այդ երկիրը շարունակում է լինել մեր հարևանը։

Մյուս ընդդիմադիր դաշինքի՝ «Պատիվ ունեմ»-ի նախընտրական ծրագրում էլ կոնկրետ անդրադարձ կա Թուրքիային, որը դիտարկվում է որպես «տարածաշրջանում խաղաղության հաստատման սպառնալիք»՝ հաշվի առնելով վերջինիս ունեցած դերակատարումը 44-օրյա պատերազմում. «Թուրքիայի թշնամական կեցվածքը ՀՀ-ի հանդեպ՝ շրջափակումը, Ադրբեջանին անվերապահ սատարումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, Հայոց ցեղասպանւթյան հարցում սեփական պատմությանն առերեսվելու և դրա հետևանքների չեզոքացման անկարողությունն ու ցանկությունը Թուրքիայում առկա քաղաքական առաջնորդության պարագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որևէ լավատեսության տեղիք չեն տալիս։ Չնայած դրան՝ պետք է մշակվի և իրականացվի Թուրքիայի հասարակության հետ ուղիղ շփման, մեր մոտեցումների և պատկերացումների ներկայացման գործիքակազմ, որը կնպաստի հանրությունների միջև երկխոսության հաստատմանը»։ Այս դաշինքի մաս կազմող ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի օրոք, հիշեցնենք, մեկնարկեց ֆուտբոլային դիվանագիտությունը, ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները, սակայն կարգավորման գործընթացը որոշ ժամանակ անց առկախվեց։

Մեղադրանք, որն ի չիք է դառնում, երբ ծանոթանում ենք Կառավարության ծրագրին

Այժմ անդրադառնանք իշխանության հասցեին հնչող՝ Հայոց ցեղասպանության ուրացման վերաբերյալ մեղադրանքին։ Այս անհիմն ու անհեթեթ մեղադրանքը միանգամից ի չիք է դարձնում Կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, որում մասնավորապես կարդում ենք. «Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից էականորեն փոխել է ցեղասպանության միջազգային ճանաչման իրադրությունը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի ՀՀ-ի անվտանգության երաշխիքների ամրապնդմանը, և սա լինելուէ Կառավարութան առաջնահերթությունների շարքում։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին էլ Կառավարության ծրագրում հստակ արձանագրված է. «ՀՀ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա։ ՀՀ-ն մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից։ Այսօր էլ ՀՀ-ն պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով»։

Ազգային անվտանգության ռազմավարության ուշագրավ արձանագրումը

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ (որը հաստատելու մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Ռ. Քչարյանը 07.02.2007թ.-ին), անդրադարձ կա ՀՀ-Թուրքիա հարաբերություններին։ Մասնավորապես. «ՀՀ-ն հանդես է գալիս Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման օգտին և շարունակելու է ձեռնարկել համապատասխան քայլեր խոչընդոտների հաղթահարման, երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: …Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված բնույթը, մասնավորապես փակ սահմանը, ՀՀ ազգային անվտանգության համար ստեղծում է սպառնալիքներ և խոչընդոտում ՀՀ կայուն զարգացման գործընթացին: Այդ հարաբերությունների չկարգավորվածությունն իր անմիջական բացասական ազդեցությունն է ունենում նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության զարգացման վրա: Փոխհարաբերությունների կարգավորման արդյունքում կնվազեն տարածաշրջանում բաժանարար գծերի ձևավորման վտանգները, բարենպաստ մթնոլորտ կստեղծվի նաև ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման շուրջ» (https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=31189):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ