Պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում որքան տուգանք է սահմանված

30 հազար դրամ տուգանք՝ պոլիէթիլենային տոպրակով ապրանք վաճառելու դեպքում․ օրենքն ուժի մեջ է մտել։
Անցած գարնանը՝ ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։ Համաձայն փոփոխության՝ 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։

Այս մասին հիշեցնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Նշվում է, որ այն տնտեսավարողները, որոնք 2022թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։

Նախարարությունն օրենքի փոփոխությունը կարևորել էր նրանով, որ պլաստիկը բնության համար դժվարամարս է ու, հակառակ դրան, մարդկության կողմից խիստ առատ սպառվող: Տարեկան մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ են օգտագործում ամբողջ աշխարհում: Դրանց մի մասը չի վերացվում, կուտակվում է օվկիանոսում, մնում ցամաքում ու զգալի վնաս հասցնում թե՛ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը:

Թեմայի վերաբերյալ դեռևս 2021 թվականի հոկտեմբերին «Հայկական ժամանակ»-ը զրուցել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանի հետ, որը մանրամասնել էր՝ օրենքն ինչ է նախատեսում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ