Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը, կա 5 վիրավոր

Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Արզնիի խճուղում բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Համբարձում Ն-ի վարած Opel մակնիշի և Նոր Արտամետ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գոռ Մ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևորներ՝ Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Մ-ն, Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 25-ամյա Կարեն Գ-ն և Մրգաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ