Տարվա հաղթանակը․ Արթուր Դավթյանի պատմական ցատկը Տոկիոյում

2021 թվականի մարզական գլխավոր իրադարձությունը Տոկիոյում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերն էին։ Մարզական գլխավոր փառատոնում Հայաստանը չունեցավ ոսկե նվաճում, բայց․․․։

Օլիմպիադայում մենք ունեցանք մեծ՝ պատմական հաղթանակ, որը կերտեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Անկախ Հայաստանն ունեցավ առաջին մեդալը մարմնամարզությունում։ Դավթյանը հենացատկ ձևում դարձավ բրոնզե մեդալակիր։

Վերջին անգամ Օլիմպիադայում մեդալ էր նվաճել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանը 1980 թվականին չեմպիոն դառնալով ԽՍՀՄ-ի թիմի կազմում։ Արթուր Դավթյանը կարող էր նաև չեմպիոն հռչակվել, բայց երկրորդ ցատկի ժամանակ ոտքը դուրս թողեց սահմանագծից։ Սպորտում սակայն «եթե»-ներ չկան։

41 տարի անց մարմնամարզությունում ունեցանք մեդալ և հպարտ ենք գրանցված արդյունքով։ Երկու ցատկերի հանրագումարով Դավթյանը 14.733 միավոր վաստակեց: Օլիմպիական չեմպիոն դարձավ կորեացի Ջեահվան Շին, 14.783 միավորով: Նույնքան միավորով արծաթե մեդալակիր դարձավ ռուս Դենիս Աբյազինը: 2021 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ամփոփեց 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները:

Լավագույնների ընտրությունը կայացել էր ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ: Լավագույն տասնյակում տեղ գտան ըմբիշներ, Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկներ Դավիթ Չալոյանը, Հովհաննես Բաչկովը, շախմատիստ Էլինա Դանիելյանն ու մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք, որ վերջին տարիներին մեր երկրում այլևս չկա տարվա լավագույն մարզիկ անվանակարգը։ Մասնավորապես, լավագույնն են համարվում այն բոլոր մարզիկները, որոնք տեղ են գտել լավագույն տասնյակում։ Տեղի ունեցած քվեարկության արդյունքները կարելի է համարել օբյեկտիվ։ Վերլուծելով մերոնց մրցելույթները «Առաջին լրատվական»-ը ներկայացրել էր իր վարկածով տարվա լավագույն մարզիկների հնգյակը։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Հայաստանն ունեցավ մեկ աշխարհի չեմպիոն ի դեմս Մալխաս Ամոյանի։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանայնն ու Սիմոն Մարտիրոսյանը արծաթ մեդալակիր դարձան, իսկ Հովհաննես Բաչկովը և Արթուր Դավթյանը նվաճեցին բրոնզ մեդալ։ Առանձնացնենք նաև երիտասարդ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանին, որը աշխարհի առաջնությունում դարձավ արծաթ մեդալակիր։ Ամփոփելով տարին «Առաջին լրատվական»-ը առանց երկմտելու տարվա լավագույն մարզիկ էր համարել Արթուր Դավթյանին։ Երկրորդ հորիզոնականում տեսնում ենք Մալխաս Ամոյանին։ Նրան համարում ենք գալիք օլիմպիական խաղերի ոսկե մեդալի իրական հավակնորդ։ Մեր լեգենդար մարզիկ Արթուր Ալեքսանյանը եզրափակել էր լավագույն եռյակը։ Չորրորդ տեղում տեսնում ենք Հովհաննես Բաչկովին։

Վերջինս իր կայուն ելույթներով տեղ է գտել աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների շարքում։ Լավագույն հնգյակում տեսնում ենք նաև Դավիթ Չալոյանին, որը այս տարվա գլխավոր հայտնությունն էր: Ինչպես Արթուր Դավթյանը Չալոյանը գլխից վեր ցատկելով արենց ըստ էության անհնարինը և արժանի էր լինել լավագույն 5 մարզիկների շարքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ