![]()
Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:
Ամանորյա նախապատրաստությունների առանցքը խմորեղեններն են: Կարևոր արարողություն էր հաց թխելը: Նոր տարին պետք է սկսվեր նոր հացով: Հայաստանում հաց թխում էին փռի մեջ և թոնիրում:
Թոնիրը հայոց մեջ պաշտամունքային նշանակություն ուներ: Թոնիր ունեն շատ ազգեր, բայց միայն հայերն են, որ թոնիրը գետնի մեջ են սարքել: Այն արևն է` գետնի մեջ: Եվ հայ կինը խոնարհվում է արև-աստծուն, որ վերջինս հաց պարգևի: Հնում, երբ մոտակայքում տաճար չի եղել, քրմերը թոնրի մոտ են կատարել պսակի արարողությունը: Ամանորի գիշերը թոնրատան սևացած առաստաղը ալյուրով սպիտակեցնում էին` վրան պատկերելով երկնային լուսատուներին: Երկնային լուսատուներին պատկերում էին նաև տարեհացի վրա:
Հետաքրքիր սովորություն կար հաց թխելու արարողակարգում: Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ փոքրիկ աղջնակը շաղախում էր` առանց թթխմոր խառնելու. այն պետք է թողնեին, որ ինքնաբերաբար թթվեր և դառնար նոր տարվա առաջին թթխմորը:
Հացից հետո թխվում էին գաթաները, նազուկը, «Փուռնիկ», «Կրկենի», «Տարեհաց» կոչված ծիսական հացերը: Այս հացերը տարբեր ձևեր ունեին: Գաթաների ու ծիսական հացերի մեջ ձու, կարագ, կաթնեղեն չի օգտագործվում:
Ծիսական հացերի մեջ որևէ իր էին դնում, ավելի հաճախ` դրամ: Եվ ում բաժին էր ընկնում այդ առարկան, նրա համար հաջողակ տարի կլիներ: Այս վիճակի համար գաթաներն ու ծիսական հացերը կտրտում էին ընտանիքի անդամների թվով:
Ծիսական հացերն ու խմորեղենն ունեին հմայող, գուշակող, չարը խափանող «հատկություններ»: Ամանորյա հացերի երեսին հաճախ էին նախշերի մեջ տասներկու գիծ անում, որոնք խորհրդանշում էին տարվա ամիսները:
Երբեմն խմորեղենները թխում էին աշխատանքային գործիքների տեսքով ու ձևով և նրանց միջոցով գուշակություններ անում: Օրինակ, եթե թխելու ընթացքում ուռչում էր «Հացի հոր» կոչվող խմորեղենը, ուրեմն տարին հացառատ էր լինելու: Եթե լավ էր թխվում «եզան պտուկներ» կոչվող խմորը, տարին կաթնառատ կլիներ…
Գուշակությունների համար թխում էին նաև մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին «Ասիլ-Վասիլ»: Սրանք թխվում էին ընտանիքի անդամների թվին համապատասխան: Եթե կնոջը խորհրդանշող թխվածքի որովայնը ուռչում էր, նշանակում էր կինը կհղիանա: Եթե աղջկան խորհրդանշող թխվածքն էր ուռչում` կամուսնանա:
Ամանորին աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է ամուսնանալ տվյալ տղայի հետ: Ի պատասխան` տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում և ուղարկում հասցեատիրոջը: Այս սովորույթը պահպանվել է Լոռիում հարսանիքների ժամանակ, երբ ազաբները զարդարված խնձորներ են ուղարկում աղջիկներին:
Այն տանը, որտեղ ամուսնացնելու աղջիկ ունեին, դռնից կամ տան կտուրից կարմիր կտոր կամ ավել էին կախում:
Ամանորյա սեղաններին կարևոր տեղ ունեին մրգերը: Նրանց մեջ առանձնահատուկ էին խնձորը, նուռը, խաղողը:
![]()