![]()
Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Կաղանդ պապի կամ Մեծ Պապուկի, որը, սակայն, ավելի շատ Բարեկենդանի տոնի կերպար էր, քան Ամանորի:
Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս երգում էին: Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական կերակրատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն:
Տարվա առաջին օրը` լուսաբացին, տանտիկինը դուրս էր գալիս և յուղ քսում տան պատի այն հատվածին, ուր պիտի դիպչեր արևի առաջին շողը: Նա կարմիր շոր էր փռում տան շեմին, քանի որ տան շեմը համարվել է այն սահմանը, որտեղ հանդիպում են բարի ու չար ուժերը: Նաև մեղրով խաչ էին նկարում գոմի պատին` ի նշան առատության: Ծերունիները տան դրսի պատին իրենց բնորոշող առարկաներ էին նկարում, հաճախ` ալյուրով: Տան շեմի ու դրսի պատերի հետ կապված բոլոր արարողությունները կապված են նոր տարին ներս հրավիրելու, բարիքը տան մեջ առնելու հետ:
Ջավախքում տանտիկինն ու հարսները տարեհացը ձեռքներին դուրս էին գալիս և նայելով դեպի արևելք` ասում էին. «Դովլաթ, սարն ես, ձորն ես, արի տուն»: Ամանորի առաջին օրը սկզբում այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, քավորին, հարևաններին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին` բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով:
![]()