Կառավարության նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը

Հայաստանի Հանրապետության կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների: Կառավարության նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ: 2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրա հետևանքները, նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպն ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները: Ես առաջարկում եմ, որ մենք հիմա մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգենք 2021 թվականին և նախկինում Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հայտարարեց, թե պետք է բոլոր ջանքերը ներդնեն, որ 2022 թվականը լինի վերելքի ու վերածննդի տարի:

«Սա է մեր այսօրվա հիմնական ուղերձը: Պարզ է, որ ետպատերազմյան օրակարգն ու հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու, ու մենք պետք է քայլ առ քայլ հետևողականորեն հաղթահարենք այդ վիճակը ու փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում, ընդ որում, իմ համոզմունքը հետևյալն է` մենք պետք է մեզնից կախված հնարավորը անենք լուծումների գնալու համար, պետք է ամենն անենք, որ հաջորդ սերունդներին ու հաջորդ կառավարություններին ոչ թե շարունակաբար բարդացող պրոբլեմներ ժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ, ամրագրված իրավիճակ, ինչը առանցքային նախապայման է երկրի հետագա բնականոն զարգացումն ապահովելու համար», — ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ