Աբովյանի անվան N1 ավագ դպրոցում ազատված ուսուցիչը դատարանի որոշմամբ վերականգնվել է աշխատանքի

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան N1 ավագ դպրոցը նորից ուշադրության կենտրոնում է:

Այս դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը, որին տնօրեն Քարմիլե Առաքելյանն ազատել էր աշխատանքից 2021 թվականի փետրվարին, դատարանի որոշմամբ վերականգնվել է իր աշխատանքին և դեկտեմբերի 28-ից կվերադառնա դպրոց՝ նորից որպես պատմության ուսուցիչ:

Խաչատուր Աբովյանի անվան N1 ավագ դպրոցում 2021 թվականի փետրվարից, այսինքն՝ շուրջ երկու ամիս, ուսուցչական կազմն ու աշակերտների մի մասը բողոքի ցույց էին անում՝ պահանջելով նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանին հեռանալ դպրոցից, և նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը վերադառնա աշխատանքի:

Ակցիան գլխավորում էր Հայկ Փայտյանը, որը նշում էր՝ ակցիան չի դադարի այնքան, մինչև նոր տնօրենը չհեռանա: Առաքելյանին դպրոցի տնօրեն ընտրել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, երբ հունվարի 22-ին դպրոցի կառավարման խորհուրդն անցկացրել էր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցող երկու թեկնածուներն էլ հաղթող էին ճանաչվել: Այդ դեպքում, ըստ գործող օրենքի, տնօրենի ընտրությունը պետք է կատարեր ԿԳՄՍ նախարարը։ Վահրամ Դումանյանն էլ փետրվարի 3-ին ընտրել էր նոր տնօրեն Քարմիլե Առաքելյանին:

Նոր տնօրենին միայն երկու ամիս անց հաջողվեց վերականգնել դասապրոցեսը, իսկ 26 ուսուցիչներից 13-ն ազատվել էին աշխատանքից իրենց կամքով կամ առանց դրա, այդ թվում՝ Հայկ Փայտյանը, որն էլ դիմել էր դատարան՝ բողոքարկելու Առաքելյանի կայացրած որոշումը:

Քարմիլե Առաքելյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ վստահորեն գիտեր, որ Փայտյանը վերականգնվելու է աշխատանքին, քանի որ այն բոլոր հիմքերը, որն ուզում էր ապահովել ինքը, չի կարողացել ապացուցել. «Ազատման հրամանը ձեռքիցս նա չէր վերցրել, դրանից հետո ես փոստով եմ ուղարկել, կրկին փոստով հետ է ուղարկել: Ես օրենքի բոլոր նորմերը, սահմանները պահել եմ: Հիմա, երբ Փայտյանը վերականգնվել է իր աշխատանքին, պետք է պահի գործատու և աշխատող փոխհարաբերությունները: Կա աշխատանքային պայմանագիր, որով սահմանված են բոլոր կետերը և նշված, թե դրանք խախտելու դեպքում ինչ կլինի: Ինքը պետք է գիտակցի, որ գալիս է աշխատելու դպրոցում: Ես իրեն աշխատանքից ազատել եմ փետրվարի 22-ին, դատարանը որոշումը կայացրել է նոյեմբերի 28-ին, իսկ վճիռը ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 28-ին: Ես սպասում էի, որ ինքը գար դպրոց, բայց չեկավ, ինքս զանգեցի և հրավիրեցի նրան»,- ասաց տնօրենը:

Հարցին՝ մտավախություն ունի՞ արդյոք, որ Փայտյանի վերադարձով դպրոցում մթնոլորտը նորից կլարվի և ինչ-որ ակցիաներ կսկսվեն, Առաքելյանը նշեց. «Իրեն ճանաչելով՝ մտածում եմ, որ կփորձի ինչ-որ քայլեր անել, բայց ինքը փոքրամասնություն է դպրոցում: Որևէ մեկը նրան չի աջակցելու: Պատմության ուսուցիչ է և դասարաններում, դասից բացի, միայն ու միայն իր պատմության առարկայից պետք է խոսի»:

Դպրոցի տնօրենն ասում է՝ աշխատանքից ազատված և նորից վերականգնված պատմության ուսուցիչը պետք է հիշի՝ դպրոցն ապաքաղաքական կառույց է, և որևէ մեկը չպետք է խոսի իր քաղաքական գաղափարներից: Նա նաև շեշտեց՝ հիմա դպրոցում շատ լավ մթնոլորտ է, ուսուցչական կազմի հետ հարաբերությունները լավ են, կոլեկտիվը պատրաստ չէ երկրորդ անգամ ցնցում ապրելու:

Նշենք, որ հարցի վերաբերյալ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Հայկ Փայտյանից, սակայն դա մեզ չհաջողվեց. մեր հեռախոսազանգերին Փայտյանը չպատասխանեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ