![]()
Երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնեց՝ դպրոցների էլեկտրոնային մատյաններում սկսվել է գնահատականների փոփոխության գործընթաց: Որոշ դպրոցներում, ըստ Անդրեասյանի, նման փոփոխությունները հարյուրներով են հաշվվում:
ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ այդ փոփոխությունները ուսուցիչները կարող են անել երկու պատճառով. «Կա՛մ ուղղակի ուսուցիչը որոշ ժամանակ չի գրանցել էլեկտրոնային մատյանում գնահատականները, հիմա է ամփոփում և լրացնում, կա՛մ էլ իրոք գնահատականի փոփոխություն է տեղի ունենում: Սակայն երկու պատճառն էլ ճիշտ և օրինական չէ»:
Բաղդասարյանը նշեց՝ իրենք ուրբաթ օրն են ստացել տվյալները, թե որ դպրոցում և որ առարկաների դեպքում են եղել այդ փոփոխությունները: Նախարարությունն այժմ ուսումնասիրություններ է կատարում՝ հասկանալու այդ փոփոխությունների պատճառներն ու հետևանքները: «Պետք է հասկանանք՝ ինչ գործընթաց է տեղի ունենում, և, ըստ դրա, նախարարությունը կորոշի, թե ի՞նչ միջոցներ են կիրառվելու»,- նշեց ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետը:
Նա շեշտեց՝ ցանկացած կիրառված միջոց իրավական գնահատական է պահանջում, և թե ինչ ցույց կտան ուսումնասիրությունները, ըստ դրա էլ կորոշվի, թե ի՞նչ իրավական գնահատական կտրվի էլեկտրոնային մատյաններում ուսուցիչների կողմից արված գնահատականներին:
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով էլ՝ այս փոփոխությունները դժվար թե կապված լինեն տեխնիկական խնդիրների հետ: Ըստ նրա՝ սա գնահատականի գերարժևորման և կրթության չարժևորման խնդիր է։ Անդրեասյանն ասում է՝ նման խնդիրները կլուծվեն, երբ կրթության բոլոր շահառուները հստակ կգիտակցեն, որ կրթությունը կեղծիք անելու տեղ չի կարող լինել։
![]()