![]()
Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
Այս մասին, ԶԼՄ-ների հարցին ի պատասխան, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Նա նշել է, որ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար ներկայացուցիչներ են նշանակելու։
Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարություններին արձագանքել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ինչպես նախկինում միշտ, այնպես էլ այժմ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Անկարայի հատուկ ներկայացուցիչ էլ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է նշանակվել:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտնել է, որ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները մոտ ժամանակներս կարող են հանդիպել։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են մասնավորապես Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանն Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Թուրքիայի սուր արձագանքին։
![]()