Աշոտ Ղուլյանը նոր է գիտակցում իր տխուր վիճակի մասին, այնինչ պետք է գիտակցեր 2018 թ. ապրիլին

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նոր է գիտակցում իր տխուր վիճակի մասին, այնինչ պետք է գիտակցեր դեռևս 2018 թվականի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ «բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար, և գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որտեղ Ղուլյանն ասում է. «Եթե որևէ մեկը կարող է բացահայտել 2016թ. ապրիլյան քառօրյայի «մարտով հետախուզության» իմաստը, դրանից չորս տարի հետո «իսկական մարտ» սկսելու ռազմարվեստի և «բանակցային աղետից» հետո Ադրբեջանի ակտիվ զինվելով պատերազմի նախապատրաստվելու տրամաբանությունը՝ պատրաստ եմ ընդունել «նոր ու հանճարեղ» քաղաքագիտական տերմինալոգիային չտիրապետելս: Բայց այս պահին միայն մի եզրակացություն է թակում մեր դուռը. «Տխուր է մեր վիճակը, պարոնա՛յք»»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կարծիքով՝ «ցավալի է, որ Աշոտ Ղուլյանի համար այս հայտարարություններից հետո տխուր չէր, միայն 3 տարի անց նոր է գիտակցել կամ չի էլ գիտակցել։ Ցավալի է, որ Արցախի ԱԺ նախկին նախագահը չգիտի կամ նոր է իմանում, թե ինչ է նշանակում «հետախուզություն մարտով»։ Ցավալի է, որ երբ դեռևս 2016 թվականի ապրիլի 5-ին Արկադի Տեր-Թադևոսյանը հայտարարում էր, որ դրան նախորդող չորս օր տևած պատերազմը ընդամենը հետախուզություն էր մարտով, Աշոտ Ղուլյանի մոտ հարց չէր ծագում, թե ի՞նչ է դա և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։ Եվ ցավալի է, որ անգամ Ապրիլյան պատերազմից հետո Աշոտ Ղուլյանի մոտ հարց չծագեց, թե ինչո՞ւ և ի՞նչ գնով կանգնեցվեց Ապրիլյան պատերազմը։ Աշոտ ղուլյանների համար իրոք տխուր է»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ պատմեց մի դրվագ իր և Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) զրույցից, որտեղ վարչապետը նրան հարց է տվել, թե ի՞նչ է նա մտածում Ապրիլյան պատերազմի մասին, վերջինս պատասխանել է. «Դա պատերազմից առաջ հետախուզում էր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ