![]()
Դերասան Հրանտ Թոխատյանը դադարեցրել է «Կանազ» մշակույթի կենտրոնի բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր փուլում են դրանք:
Ավելին՝ դերասանը նկատեց՝ եթե գտնի որեւէ այլ տարբերակ, ապա անմիջապես կհրաժարվի այդ շենքից: Հիշեցնենք՝ 4 տարի առաջ՝ 2017 թվականից, Երեւանի ավագանու որոշմամբ՝ «Կանազ» մշակույթի կենտրոնը 10 տարի անհատույց օգտագործման ժամկետով տրվել է դերասան Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին:
««Կանազ»-ի հարցը դարձել է աշխարհի ամենաբարդ հարցերից մեկը, որը, ցավոք, լուծում չի գտնում: Լուծում չի ստանում, որովհետեւ մենք չենք կարողանում Երեւանի քաղաքապետարանի հետ ընդհանուր լեզու գտնել»,- ասաց նա:
Դերասանի խոսքով՝ 10 տարին շատ քիչ ժամանակ է նման հսկայական աշխատանք անելու համար: «Անել նման մեծ ծրագիր նման ներդրումային գումարով, այն էլ՝ այդ կարճ ժամկետում, գրեթե անհնար է»,- նկատեց Թոխատյանը՝ հավելելով՝ կենտրոնի աշխատանքների համար մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար է պահանջվում:
Թոխատյանը նաեւ հայտնեց, որ մի քանի անգամ նախկինում փորձել է հանդիպել, ընդհանուր հայտարարի գալ քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ, սակայն այդ հանդիպումները որեւէ արդյունք չեն տվել, ու նա այժմ մտադրություն չունի այդ ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկել:
«Սպասում եմ՝ ինչ կորոշի ավագանին, այդպես էլ կարվի: Այնտեղ կա կետ, որում ասվում է, որ օրը Երեւանի ավագանին կորոշի, որ այդ շենքը պիտի օգտագործվի այլ նպատակով, մեկ ամիս առաջ զգուշացվելու եմ ու պարտավոր եմ ազատել տարածքը»,- ասաց նա՝ նկատելով՝ նման պայմաններով ստացած շենքում այդ քանակի ներդրում շատ դժվար է իրականացնելը:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը, հիշատակելով «Կանազ»-ի շենքը, հարցադրում էր արել. «Ի՞նչ ենք անելու, այդ կենտրոնն էլի թողնելու ենք այդպե՞ս՝ ոչինչ չանելո՞վ»: Մեր դիտարկմանը՝ ավագանու անդամը դժգոհություն է հայտնել, որ շենքն այդպես մնում է, Թոխատյանն ասաց. «Ավագանու անդամը թող նախ գա, այդ շենքը տեսնի, հետո նոր հայտարարություններ անի»:
Հիշեցնենք՝ «Կանազ»-ի մշակութային կենտրոնը նախկին իշխանությունների կողմից Թոխատյանին անհատույց տրամադրմանն այդ ժամանակվա ավագանու որոշ ընդդիմադիր անդամներ որակել էին «գավառական վերնախավի արյունոտ եւ կեղտոտ ձեռքերից հերթական նվեր ու եւս մեկ հոյակապ կոռուպցիոն գործարք»:
Հրանտ Թոխատյանը մեծ ոգեւորությամբ էր խոսում կենտրոնի վերանորոգման եւ բուռն աշխատանքային գործունեություն ծավալելու մասին: Սակայն նա բազմիցս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ 10 տարի ժամկետը շատ քիչ է. դիմել է ավագանու անդամներին՝ այն երկարաձգելու խնդրանքով, սակայն հստակ պատասխան մինչեւ օրս չի ստացել:
![]()