Ռուբեն Ռուբինյանի թե՛ անցած քաղաքական ճանապարհը, թե՛ բավականին ծանր փորձառությունը բավարար է Թուրքայի հետ բանակցելու համար

Թուրքիայի հետ բանակցություններում շատ կարևոր է, որ հայկական կողմից բանակցողը լինի քաղաքական իշխող թիմի ներկայացուցիչ, առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա էական գործոն է, կարծում եմ՝ պարոն Ռուբինյանի թե՛ կրթությունը, թե՛ անցած քաղաքական ճանապարհը, թե՛ արդեն բավական ծանր փորձառությունը (մեր թիմի որեւէ անդամի շատ դժվար է ասել փորձառություն չունեցող, վերջին տարիների ընթացքում այնպիսի փորձությունների միջով ենք անցել, որոնք, գուցե, տասնամյակների փորձություններ են) բավարար են։ Մյուս կողմից, ասացի, որ պարոն Ռուբինյանը մենակ դա չի տանելու, մեր դիվանագիտական կորպուսից ձեւավորվելու է թիմ, որն այդ ամբողջ պրոցեսն իրականացնելու է։ Պարոն Ռուբինյանը գլխավոր բանակցողն է, բայց դա չի նշանակում, թե մեր փորձառությունից էս ամեն ինչը կտրվելու է»,- ասաց Փաշինյանը և նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև այս պահին հանդիպում նշանակված չէ։

«Հույս ունեմ՝ հնարավորինս արագ կնշանակվի։ 2, 3, 4, 5 հանդիպում չի լինելու, շատ երկար պրոցես է լինելու, եթե կստացվի 4,5 հանդիպումների արդյունքում կոնկրետ արդյունքների հասնել, շատ ավելի լավ, բայց սպասել, որ հենց այդպես էլ կլինի, չափազանցված կլինի»,- նշեց Փաշինյանը։

Նա նաև պատասխանեց հարցին, թե արդյոք հնարավոր է, որ բանակցությունների արդյունքում հայկական կողմը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից:

«ՀՀ բոլոր իշխանություններն ասել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները, ինչը նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման նախապայման չի եղել, նման բան երբեւէ չի եղել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին կառավարության ծրագրում հստակ ձեւակերպել ենք մեր մոտեցումը»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ