![]()
Շիրակի տարեվերջյան մարզխորհրդի նիստը նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանի համար առաջինն էր:
«Աշխատանքում լինել պարտաճանաչ, պարտականությունների կատարման մեջ՝ հետևողական, միայն այս կերպ կկարողանանք բոլոր ոլորտներում թերացումներից զերծ մնալ»,- դահլիճում ներկա համայնքաետերին ու կառույցի վարչությունների պատասխանատուներին նիստի սկզբում ասաց մարզպետը:
Այնուհետ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը զեկուցեց համայնքների 2021 թվականի բյուջեների սեփական եկամուտների կատարման ցուցանիշները:
2021թ. դեկտեմբերի 23-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 75.6%-ով, նախատեսված 3,422,161.9 հազ դրամ սեփական եկամուտներից ընդամենը հավաքվել է 2,588,756.9 հազ. դրամ: Սեփական եկամուտների թերակատարումը կազմում է 833,405.0 հազ. դրամ:
Մարզում 24 համայնք չի ապահովել եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը։ Խոշորացված համայնքներից ամենացածր ցուցանիշը գրանցվել է Մարմաշենում՝ 31.4%։ Քաղաքային համայնքներում բարձր է Գյումրու արդյունքը՝ 84.4%: Արթիկում սեփական եկամուտները հավաքվել են 86.8%-ով:
«Սեփական եկամուտների կատարումը համայնքների ղեկավարների ուղիղ պարտականությունն է, թվերի ուսումնասիրությունը փաստում է, որ համայնքապետերը թերացել են աշխատանքում։ Մենք մեր քաղաքացիների թշնամին չենք, որ ասում ենք՝ պետք է սեփական եկամուտները վճարել, այլ պետք է հստակ գիտակցել տվյալ աշխատանքի արդյունավետ իրականացման դեպքում համայնքների օգուտը։ Այս հարցում ես չափազանց հետևողական եմ լինելու և նույն կերպ կարծում եմ պետք է աշխատեն մեր նորընտիր համայնքապետերը»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:
Մարզպետը նաև շեշտեց, որ գանձումը կարող է նաև հարկադիր ձևով կատարվել, ինչն օրենքով թույլատրվում է: Մարզխորհրդի նիստերին այլևս չեն սպասի, ցուցանիշներին կծանոթանան ամեն ամիս, իսկ մարզխորհրդի նիստում կպարսավեն թերացող համայնքապետերին:
«Համայնքների խոշորացումը բերել է աշխատանքային նոր ձևաչափ, սակայն վստահ եմ, որ տեղերում այնպիսի վարչական ղեկավարներ կնշանակեք, որոնք կկարողանան պատշաճ ձևով իրականացնել իրենց պարտականությունները»,- համայնքապետերին ասաց մարզպետը:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանն էլ տեղեկացրեց, որ մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 68.728 մարդ, որը չափահաս ազգաբնակչության 39%-ն է կազմում։
Պետական կառավարման մարմինների աշխատակիցները պատվաստված են 95.5 տոկոսով, առողջապահական համակարգի աշխատակիցները՝ 95․2, ուսումնական հաստատությունների աշխատակիցները՝ 94.1, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները՝ 87.3 տոկոսով:
Շիրակի մարզպետը ցուցանիշները համարեց ոչ բավարար և համայնքների ղեկավարներին հորդորեց այս գործընթացում աջակցել առողջապահության համակարգին, լինել առավել զգոն։
Նիստում ամփոփվեց նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը։ Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված 62 ծրագիրն էլ հավանության է արժանացել։ Դրանց ընդհանուր արժեքը 4 մլրդ 463 մլն դրամ է։ Նորոգվել են փողոցներ, ջրամատակարարման ու ջրահեռացման, ոռոգման համակարգեր, անցկացվել են փողոցային լուսավորության ցանցեր, կառուցվել են մանկապարտեզներ։
![]()