Թոխատյանն ու Թոփալյանը հեքիաթներ կկարդան փոքրիկների համար. հասույթի մի մասը կտրամադրվի քաղցկեղով երեխաների բուժմանը

Վաղը՝ դեկտեմբերի 25-ին, դերասաններ Հրանտ Թոխատյանն ու Սամվել Թոփալյանը «Զանգակ» գրատանը հեքիաթներ են կարդալու փոքրիկների համար։ Միջոցառումը բարեգործական է, եւ հասույթի մի մասը փոխանցվելու է քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը։

Նրանք փոքրիկների համար կընթերցեն «Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը» եւ «Անտեսանելի Տոնինոն» գրքերը: Հեքիաթների ընթերցանությանը կարող եք մասնակցել՝ գնելով այդ գրքերից որեւէ մեկը։

Դերասան Հրանտ Թոխատյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ առաջին տարին չէ, որ «Զանգակ»-ի հետ նման նախաձեռնություն են իրականացնում: «Ընդհանրապես ես սիրում եմ հեքիաթներ պատմել, շփվել փոքրիկների հետ, ուստի ամեն անգամ էլ մեծ հաճույքով եմ համաձայնվում»,- ասաց դերասանը:

Թոխատյանը նշեց, որ ուզում է այս տարին փակվի հեքիաթներով ու բարի ավարտով, որպեսզի գալիք Նոր տարին նույնը հայ ժողովրդի կյանք բերի:

Անդրադառնալով մշակույթի այն ճյուղերին, որոնք նախատեսված են հատուկ մանուկների համար՝ Թոխատյանը նկատեց՝ բավականին մեծ աշխատանքն է տարվում, սակայն դեռ լրացնելու տեղ ունենք. «Կարծում եմ՝ մեր արածը քիչ է: Պետք է մեր փոքրիկների համար ավելի շատ հեռուստահաղորդումներ լինեն, չպետք է մոռանանք, որ այսօրվա երեխան երեկվանը չէ, պետք է ավելի ուշադիր լինել նրանց նկատմամբ, նրանց հետ շփման լեզուն գտնել: Ամենակարեւորը՝ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ երեխաներին գոնե մի փոքր կտրենք համացանցից: Եթե դա չի վերահսկվում, երեխան ոչ միշտ է վերցնում այն, ինչն իր տարիքին համապատասխանում է»:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ